Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
«Ազատություն» ռադիոկայանն ու Bellingcat հետաքննող խումբը բաց աղբյուրներում գտել են ռուս հետախույզ Անատոլիյ Չեպիգայի նոր լուսանկարները, որը, Մեծ Բրիտանիայի իշխանությունների կարծիքով, «Ռուսլան Բոշիրով» անվան տակ փորձել է անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորել ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: Այս լուսանկարներն ապացուցում են ռուսական հետախուզական վարչության հետ Չեպիգայի ունեցած կապը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Չեպիգային նկատել են նույն վարչության գեներալ-մայոր Անդրեյ Ավերյանովի դստեր հարսանիքի լուսանկարներում:
Ըստ լրագրողների՝ լուսանկարներն արվել են Սկրիպալներին թունավորելուց կես տարի առաջ:
Լրագրողները ճշտել են նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում Ավերյանովի անձը: Տաշքենդի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում, որն ավարտել է Ավերյանովը, ցուցատախտակի վրա նրա նկարի փոխարեն սև պատկեր է պատկերված, անվան փոխարեն մի քանի տառ է, իսկ ավարտելու տարեթվի փոխարեն՝ հարցական նշաններ:
Ըստ «Ազատության» տվյալների՝ Ավերյանովը թիվ 29155 զորամասի հրամանատարն է: Ըստ New York Times-ի էլ՝ դա «ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գաղտնի ստորաբաժանումն է, որում պատրաստվում են դիվերսիաներ Եվրոպայի դեմ»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը 2018-ի մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: