Նախագահականի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու են
Առաջիկայում պետական կառույցներում միջին օղակի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է: ԱԺ կայքից տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառվում:
Նախագծի համաձայն՝ բարձրանալու են Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի չափը:
Նույն աղբյուրից տեղեկացանք, որ նրանց աշխատավարձը միջինում կկազմի 150 հազար դրամ: Նախագիծը դրված է շրջանառության, սակայն հանձնաժողովում եւ լիագումար նիստերում դեռ չի քննարկվել: