Երբ են մեկնարկելու Մետրոյի նոր կայարանի կառուցման շինարարական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզային առաջարկը, որը, որպես ներդրումային ծրագիր, առաջիկայում կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նաև տեղի են ունենում հանդիպումներ, և քննարկվում են Հալաբյան փողոցի նոր կայարանի մոտ բազմաֆունկցիոնալ բարձրահարկ կառույցներով, ստորգետնյա ավտոկայանատեղով և առևտրի կենտրոնով համալիրի ստեղծման հնարավորությունները:
Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքային իշխանությունները չեն նշում, թե երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները, երբ պատրաստ կլինի մետրոյի նոր կայարանը:
Հիշեցնենք, որ 2019 հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի: Իսկ մայիսի 15-ին տեղի ունեցած ասուլիսին Արթուր Մեսչյանը հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:
Երևանի ավագանու վերջին՝ հոկտեմբերի 8-ի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ մետրոպոլիտենում նախատեսվում է 2 նոր վագոն ավելացնել և կապիտալ շինարարության աշխատանքներ իրականացնել: Քաղաքապետի տեղակալը նաև ասել էր, որ Կառավարության հետ բանակցություններ են տարվում, որպեսզի մոտ 4 մլրդ դրամի ներդրում արվի:
Քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին, որ ակնկալվող 4 մլրդ դրամով չի նախատեսվում մետրոյի նոր կայարանի ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:
«2020 թվականի առաջին եռամսյակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի թվով 2 գնացքներում կավելանան միջանկյալ վագոններ, այսինքն` երկու գնացքներ երթուղի դուրս կգան երեքական վագոններով: Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը 4 մլրդ դրամի ներդրման մասին վերաբերել է ՀՀ կառավարությունից մետրոպոլիտենի այս պահին գործող կայարանների տեխնիկական անվտանգության բարձրացման նպատակով ակնկալվող միջոցներին: Ի դեպ, նախորդ շուրջ 10 տարիների կտրվածքով այս հարցի լուծման նպատակով կառավարությունը միջոցներ չի տրամադրել՝ չնայած նրան, որ խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է»,- ասված է հարցման պատասխանում: