Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավարն արցախցի գործընկերոջը հուշամեդալ է հանձնել ունեցած ավանդի համար
Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավարն արցախցի գործընկերոջը՝ Մասիս Մայիլյանին հուշամեդալ է հանձնել հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար։
Ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում՝ Դմիտրի Միդոեւն ընդգծել է երկու ժողովուրդերի՝ դարերի խորքը գնացող հարաբերությունները։ «Ապրել ենք աշխարհաքաղաքական նույն տարածքում։ Հանդիսանում ենք մեր մեծ Կովկասի բնիկ ազգեր։ Եվ այն ամենը, ինչ կատարվում է մեկ տեղում, արտացոլվում է մյուս ժողովուրդների վրա»,- փաստել է Միդոեւը։
«Մենք միշտ նպաստել ենք Լեռնային Ղարաբաղի անկախության ձգտմանը եւ ճանաչում ենք անկախ պետություն կառուցելու նրա իրավունքը»,- ընդգծել է Միդոեւը՝ ավելացնելով, որ միջպետական հարաբերությունները Հարավային Օսիայի եւ Արցախի միջեւ կառուցվում են հաջող, կապեր են հաստատված պետությունների ղեկավարների եւ խորհրդարանների մակարդակով։
Ելույթն ամփոփելով Միդոեւը «հաճելի առաքելություն» է կատարել՝ Հարավային Օսիայի ԱԳՆ-ի կողմից հուշամեդալ հանձնելով Արցախի ԱԳՆ ղեկավարին։ «Սա պարգեւ է արժանավորին։ Մասիս Սամվելովիչը էական ավանդ է ներդրել հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Դմիտրի Միդոեւը։