ԱՄՆ-ը աջակցելու է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իր ուղերձում բարձր է գնահատում նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ծավալված գործընկերությունը:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով:
Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների զարգացման գործում:
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն եւ տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Անդրադառնալով ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, եւ լավատեսություն է հայտնում երկու երկրների միջեւ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:
Պետքարտուղարը շեշտում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: