Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ YPG-ի անանուն անդամին հղումով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են:
«Չկան ո´չ հրթիռներ, ո´չ զենիթային սպառազինություն և ո´չ էլ տանկեր»,- հայտնել է աղբյուրը:
Այնուհանդերձ, քրդերը մտադիր են վճռականորեն պայքարել թուրքական բանակի և նրան աջակցող սիրիացի ապստամբների դեմ:
Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթ սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Անկարան վաղուց է հետևում ԱՄՆ-ից YPG-ին մատակարարվող զենքին և «մշտապես» ամերիկացիների հետ քննարկել է մատակարարվող զենքի տեսակը:
Ինչպես նշել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Ջոզեֆ Վոթելը, քրդական կազմավորումները չեն կարող կանգնեցնել Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացումը:
«Կարծում եմ՝ նախևառաջ քրդերն իրենց պաշտպանելու համար կձեռնարկեն ցանկացած միջոց, բայց երբ ակնհայտ դառնա, որ նրանք չեն կարող դիմագրավել արդիականացված բանակի և այն հնարավորություններին, որոնք ունի Թուրքիան, այդ ժամանակ, կարծում եմ, նրանք (քրդերը) կլքեն այդ շրջանը»,-հայտարարել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: