Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է ապրիլյանի ժամանակ մեքենաները Արցախ չուղարկելու, իր մտերիմներին նվիրելու մեջ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ:
Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: