Փաշինյանը ցանկանում էր Օսիպյանին իր կողքին պահել, որ եթե ինչ-որ բաներ կան վարչապետի վերաբերյալ, որ Օսիպյանը կարող էր հայտարարել, չասեր. Ռուբեն Հակոբյան
Ծիծաղելի է նույնիսկ մտածել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին նշանակել էր իր խորհրդական, որպեսզի վերջինս իրեն խորհուրդ տա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Վալերիյ Օսիպյանի` վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականին:
«Փաշինյանը ցանկանում էր Օսիպյանին իր կողքին պահել, որ եթե ինչ-որ բաներ կան վարչապետի վերաբերյալ, որ Օսիպյանը կարող էր հայտարարել, չասեր: Փաշինյանը նկատի էր ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրինակը»,-ասաց Հակոբյանը` նշելով, որ ողջունում է Օսիպյանի որոշումը, որովհետև «բռնի » կերպով այդ պաշտոնում մնալը վարկաբեկելու էր նրա անձը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով`«հին ու բարի» ավանդույթները շարունակվում են, և չի բացատրվում` ինչու են ազատվում բարձր պաշտոն ունեցող անձինք: «Ընդհանուր ձևակերպումը, թե իրենք չէին արդարացնում սպասելիքները, ոչինչ չի ասում: Այս դեպքում ցանկացած վարկած, որին կարող է ընթերցողը կամ քաղաքացին հավատալ, գոյության իրավունք ունի»,-մեկնաբանեց քաղաքական վերլուծաբանը:
Վերջինս ընդգծեց, որ, օրինակ, հանցագործություն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորեց փակել դատարանների մուտքերն ու ոստիկանությանը հանձնարարեց վերահսկել: «Դա հանցագործություն էր, որի մեջ ներքաշվեցին ոստիկանները: Օսիպյանն էլ սա լավ հասկանում էր»,-նշեց նա` ասելով նաև, որ չի բացառվում` վարչապետը Օսիպյանին Ամուլսարի վերաբերյալ որոշել է շատ կտրուկ հրահանգ տալ, ինչը նախկին ոստիկանապետը չի ցանկացել կատարել:
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը վարչապետի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:
Tert.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 3-ին Օսիպյանը աշխատանքի չէր ներկայացել: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն Օսիպյանը հերքել էր:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: