Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշն անկում է ապրել, այն 30%-ից էլ ցածր է. թուրք սոցիոլոգ
Թուրքական հայտնի «Konda» հետազոտական ընկերության ղեկավար Բեքիր Աղըրդըրը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին 17 տարվա ընթացքում ամենացածր վարկանիշն ունի: Այժմ կուսակցության վարկանիշը 30%-ից էլ ցածր է, փոխանցում է Haberler.com-ը:
Իշխող կուսակցության վարկանիշի անկմանը զուգահեռ, բարձրացել է «Ազգայնական շարժում» (Milli Halk Partisi, MHP) կուսակցության վարկանիշը: Ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը շարունակում է իր կայուն գոյությունը: Այս կուսակցությունը զարգանում է, կուսակցության համակիրներն ապրում են հիմնականում մեծ քաղաքներում, բայց Թուրքիայում արժեհամակարգային է համարվում պահպանողական մարդը, որին ներկայացնում է «Ազգայնական շարժում»-ը:
«Այսօր երիտասարդության կեսը չի հավատում, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան փոխել երկրում»,- հավելել է սոցիոլոգը և նշել, որ այսօր անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչներն են դեմ երկրում կառավարման նախագահական համակարգին:
Ավելի վաղ Թուրքիայում գործող «Եվրասիա» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազն ասել էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ թվով աջակիցների է կորցրել և շարունակում է կորցնել: Այդ ձայների մեծ մասը, ըստ կենտրոնի հարցումների, գնում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը: