ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրովի նոր բանաստեղծությունը
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է նախարար Սերգեյ Լավրովի նոր բանաստեղծությունը, որն ավելի վաղ հրապարակվել էր նաև «Ռուսական պիոներ» ամսագրի կայքում, գրում է РИА Новости-ն:
Ստեղծագործությունը նախարարն անվանել է «Կրակոց տայգայում». բանաստեղծության մեջ նկարագրվում է անտառում բռնկված հրդեհի տեսարանը: Գործակալությունը նշում է, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանաստեղծությունը գրել է խմբագրության խնդրանքով` ամսագրի «Ծուխ» կոչվող համարում տպագրելու համար:
Այս բանաստեղծությունը, սակայն, Լավրովի ստեղծագործական առաջին փորձը չէ: 2015 թվականի փետրվարին տպագրվել են նախարարի ևս մի քանի բանաստեղծություններ («Վերջին ալիքի ներգաղթյալները», «Ասես երեկ էր» և այլն), որոնք վերջինս գրել էր մոտ 20 տարի առաջ:
2017 թվականի փետրվարին «Ռուսական պիոներ»-ում հրապարակվել է Լավրովի ևս մեկ` այս անգամ երգիծական ստեղծագործություն, որում Լավրովը նկարագրել է ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ իր տպավորությունները: Հեռավոր 1994 թվականին էլ լույս է տեսել Լավրովի` ընկերոջը` Վիտալիյ Չուրկինին նվիրված բանաստեղծությունը:
Լավրովը նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հիմնի հեղինակն է: