Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծել
Օրերս նիկոլապաշտներից մեկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այն տեսանյութը, որտեղ ղազախ ոստիկանները դեռահաս աղջկան մոր եւ փոքրիկ քույրիների մոտից խլելով, ուժ գործադրելով խցկեցին այն ավտոբուսը, որը լեցուն էր բերման ենթարկված ցուցարարներով: Նիկոլապաշտը կից գրառում էր արել՝ մեզ մոտ այլեւս այսպես չի լինի:
Նրան հուշեցին, որ Հայաստանում երբեք դեռահաս երեխային ոստիկանները մոր մոտից չեն առեւանգել եւ որպես ցուցարար խցկել ավտոբուսը, բայց հիմա դա չէ էականը: Ի՞նչ տարբերություն, թե ում են ապօրինաբար խցկում ավտոբուսը՝ դեռահաս աղջկան, թե հանցանք չգործած երիտասարդին:
Հայ դատավորն այսօր բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Կալանավորման միակ պատճառն այն է, որ քննչական կոմիտեում վստահ են, որ Նարեկը դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից է եղել: Մի պահ ենթադրենք, որ անհարգալից է եղել: Հետո՞: Արդեն անհարգալից լինելու համար կալանավորո՞ւմ են:
Ի՞նչ է սա: Ընդամենը գործ ունենք վախի եւ սարսափի մթնոլորտ տարածելու փորձի հետ: Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժ ցուցադրել: Սկզբում ուժ ցուցադրեց սրճարանատերերի եւ այնտեղ աշխատողների, ապա իջեւանցի անտառահատների նկատմամբ: Դրանից հետո սպառնաց Ամուլսարի պաշտպաններին, թե ուժ կգործադրի, իսկ հիմա կալանավորելով Նարեկ Մութաֆյանին, գուցե նրա ընկերոջը եւս, Փաշինյանը ատամներ է ցույց տալիս, սպառնում է ամբողջ հանրությանը, այդ թվում իր արդեն փոքրաթիվ ֆանատներին:
Հիշեցնենք նրա ֆեյսբուքյան գրառումն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո: Նա զգուշացրեց, թե չկարծեք ԱԱԾ-ն մեկ անձ է, եւ որ ԱԱԾ-ն շարունակելու է գալ ձեր հետեւից:
Փաշինյանը վախեր ունի եւ այդ վախերը փորձում է թաքցնել վախի եւ սարսափի մթնոլորտի հաստատումով: Ո՞ւր է տանելու այս ամենը Փաշինյանին՝ պարզ է: Ո՞ւր է տանելու այս ամենը մեր երկիրը՝ նույնպես պարզ է:
Լուլու եւ իմքայլական մյուս քաջ պատգամավորներ, ինչո՞ւ ծպտուն չեք անում: Բացականչեք, աղաղակեք: Երիտասարդ են կալանավորել դատավորին հարց տալու համար: Խոսեք, արտահայտվեք, հիմա ճիշտ ժամանակն է: Ինչո՞ւ եք պապանձվել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am