Անտեղյակների իշխանությունը
ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան, Նյու Յորքի նախկի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում կայանալիք խորհրդաժողովին իր մասնակցությունը, որտեղ նա պետք է ելույթ ունենար, տեղեկացրել է The Washington Post-ը:
Տարօրինակ է, որ այս լուրը Հայաստանում պատշաճ ուշադրության չարժանացավ: Այս լուրը շատ ավելի լուրջ ուսումնասիրության եւ վերլուծության է արժանի: Ի՞նչ է ստացվում: Հայաստանյան իշխանությունները որոշում են Հայաստան հրավիրել ԱՄՆ-ում ամենահայտնի գործիչների մեկին այն ժամանակ, երբ Երեւանում են լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Հատուկ տաղանդ է պետք հասնել իշխանության եւ պատկերացում չունենալ միջազգային հարաբերությունների, միջպետական հարաբերություններում առկա հարաբերությունների, ՌԴ-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լուրջ խնդիրների մասին:
Եթե Ջուլիանին անկեղծ է, եւ ճիշտ է ասում, որ նոր է իմացել, որ համաժողովին լինելու է նաեւ Պուտինը, ապա մնում է Ջուլիանին հրավիրողներին հարցնել, թե այդ ի՞նչ խորհրդաժողովի են հրավիրել նրան, որ չեն ասել Պուտինի եւ Ռոհանիի ներկայության մասին:
Իհարկե, ափսոս, որ Ջուլիանին Երեւան չի գալու: Կգար եւ հերթական անգամ կամ մեկ անգամ եւս հպարտ քաղաքացիներին կբացատրեր, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին Ջուլիանին ասել էր.
«Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Հեղափոխությունն, ըստ իս, զինված հակամարտության նման մի բան է, ինչպիսին մենք ունեցել ենք բրիտանացիների դեմ: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Ես մանրամասները չգիտեմ, իմ կարծիքով՝ դա հեղափոխություն կոչելը կտրուկ է, իսկ կառավարության փոփոխությունը շատ տարածված է: Մենք վերջերս կառավարության փոփոխություն ենք ունեցել Բարաք Օբամայից նախագահ Թրամփի, Իտալիայում կառավարությունը փոխվում է երկու շաբաթը մեկ անգամ»:
Պատկերն ամբողջացնելու համար մնում էր հրավիրել նաեւ Իսրայելի վարչապետին, որ ամեն ինչ տեղը ընկներ, թեեւ տրամաբանական կլիներ, եթե հրավեր լիներ նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
Իրոք փառահեղ է. գնալ ԱՄՆ եւ հանրահավաք անել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի թիվ մեկ հակառակորդ Ադամ Շիֆի հետ, Իրանի նախագահի Երեւան ժամանելուց օրեր առաջ հայտարարել Իսրայելում դեսպանություն բացելու մասին, Պուտինի այցից օրեր առաջ, ցուցադրաբար, օրենքի պահանջին հակառակ կալանքի տակ թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը հրաշալի եւ ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ, եւ Ռոհանիի ու Պուտինի Երեւանում գտնվելու օրերին Հայաստան հրավիրել Ռուդոլֆ Ջուլիանիին:
Չի կարող պատահել, կբացականչեր Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի հերոսներից մեկը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am