Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են. նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը գիշերը` 3:30-ի սահմաններում ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Նարեկ Մութաֆյանը դատավոր Դանիբեկյանին է մոտեցել երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Նարեկը էդ ամեն ինչից հետո գնում է իրենց տուն, պառկում է քնելու եւ ժամը 3:30-ի սահմաններում «Շտապօգնության» աշխատակիցների անվան տակ դուռը թակում են, ներկայանում են ոստիկանության աշխատակիցներ ու ամենավերջին հանցագործի պես Նարեկին բերման են ենթարկում Ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանության քրեական հետախուզության բաժնում փորձեցին խոչընդոտել իմ աշխատանքներին, չթողեցին, որ Նարեկի հետ շփվեմ, իր իրավունքներն իրեն բացատրեմ, կարողանամ իր պաշտպանությունը իրականացնեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ձերբակալման հիմքերին Եփրիկյանը նշեց, որ ձերբակալությունը 2 դեպքում է տեղի ունենում` անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա եւ փախուստը կանխելու դեպքում, սակայն երկուսն էլ, ըստ փաստաբանի, այս դեպքում հիմնավոր չէ:
«Ակնհայտ է, որ դատարանի լիազորությունների կատարման հետ կապված տիկին Դանիբեկյանին չեն վիրավորել եւ առհասարակ տիկին Դանիբեկյանին չի վիրավորել, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի պարոն Փաշինյանի արտահայտությունների նկատմամբ: Սա որեւէ աղերս չունի իրավունքի, օրինականության եւ մեծ հաշվով արդարադատության հետ եւ պրոիշխանական շրջանակներից բարձրացած վայնասունը, ինչպես նաեւ ոստիանության դիլետանտ աշխատանքը, ձերբակալման հիմքերը խախտելը խոսում է նրա մասին, որ եթե վնգստացող դատարաններին փորձում են խոսեցնել, ապա իշխանությունը ձեռնամուխ է լինում էդ մարդկանց պրեսինգի ենթարկել»,-ասաց Եփրիկյանը` նշելով, որ իրենք բողոքարկելու են ձերբակալման որոշումը:
Ոստիկանությունն էլ այս առնչությամբ հայտարարություն եւ տեղեկացրել, որ Նարեկ Մութաֆյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է:Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։Կատարվում է հետաքննություն»։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով հետապնդել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին: