Իրական Հայաստանն ու Նիկոլի Հայաստանը
Շատ խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, գերծանր քաշային կարգում պատվո պատվանդանի երեք տեղերից երկուսը նվաճեցին Հայաստանը ներկայացնող մարզիկները: Հաղթանակից րոպեներ անց Հանրային հեռուստաալիքը լուրերի թողարկումը սկսում է մի կնոջ կալանավորման մասին լուրն ազդարարելով:
Այսօր իրար կողք-կողքի ապրում է երկու Հայաստան. մեկը իրական Հայաստանն է, որտեղ ապրում եւ հաղթում են, ապրում եւ արարում են հին Հայաստանը ներկայացնող մարզիկները, շինարարները, բիզնեսմենները, ուսուցիչները, իսկ մյուսը՝ Նիկոլի Հայաստանն է, որը նույնպես իրական է, բայց այստեղ գործ ունենք միայն կալանավորումների եւ այդ մասին հայտնող լուրերի, արտաքին աշխարհի հետ վատթարացող հարաբերություններով, բայց այն որպես հաջողություն ներկայացնող մեկնաբանություններով:
Մենք տեսանք, թե ինչ Հայաստան է ուզում կերտել Նիկոլ Փաշինյանը: Ամեն օր կալանավորումներ, ամեն օր ձերբակալություններ, ամեն օր կեղծ փաստերի կամ ծիծաղաշարժ փաստերի հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչի, որ իր կառավարման օրերին կալանավորվում է կին, որը մեղադրվում է ոչ ծանր հանցագործության համար: Այս անգամ կալանավորվողը Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենն է, «Վերածնունդ» հիմնադրամ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավդալյանը:
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։
Մի պահ ենթադրենք, որ քննությունը ճիշտ ճանապարհի վրա է, բայց մի՞թե դրա համար, միթե տնտեսական հանցագործության համար կնոջը պետք է կալանավորել, զրկել ազատությունից: Բայց ինչո՞ւ ենք զարմանում: Նույն Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենը զրկվեց ազատությունից, երբ կրծքով երեխա էր կերակրում:
Սա է «նոր» Հայաստանը, որտեղ ծանրամարտիկների ոգեւորիչ հաջողությունները ստորադասվում են կալանավորումներին եւ ձերբակալություններին:
Հայաստանը փորձում են վերածել 1930-ականների ՍՍՀՄ-ի: Սա ակնհայտ է, սա արդեն անվիճելի է: Մնում է հանրությունը հետեւություն անի:
Հայկ Ասատրյան
Top-News.am