Փաստ 7835. խայտառակ ձախողում արտաքին ճակատում
Երկիր կառավարելը հանրահավաքներում ելույթ ունենալ ու ոտանավոր ասել չէ: Պետություն ղեկավարելը համատարած քրգործերի հարուցումը եւ վրեժից դրդված մարդկանց կալանելը չէ: Հանրապետության առաջնորդ լինելը փաստերի հրապարակումը չէ եւ 400 հազարանոց թռիչքների կազմակերպումը:
Պետություն ղեկավարելը շատ նուրբ եւ բարդ գործ է: Եւ եթե չես տիրապետում այս գործին եւ միաժամանակ ծայրահեղ պոպուլիստ ես, ապա ձախողումները հեղեղի նման թափվելու են, ցավոք, նաեւ երկրի վրա:
Աշխարհը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչ է լինում, երբ ժողովրդի սերը վայելոց պոպուլիստը գալիս է իշխանության: Աշխարհը դեռ որեւէ օրինակ չունի, որ պոպուլիստը բարիք եւ զարգացում է բերել երկրին եւ տարածաշրջանին:
Թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, տեսնում են բոլորը, բացի զոմբիներից, որոնք դեռ հավատում են, որ թալանված գումարը բաժանվելու է իրենց մեջ: Իսկ թե ի՞նչ է կատարվում արտաքին ճակատում, տեսնում են ոչ բոլորը:
Հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուց, ԱՄՆ-ի հետ որեւէ դրական առաջընթացի չհասնելուց, Եվրոպայի հետ անհասկանալի հարաբերությունների մեջ լինելուց եւ Արցախի հարցում տարօրինակ եւ երկրի ղեկավարին ոչ հարիր հայտարարությունից բացի ոչինչ չի եղել, իսկ ավելի ճիշտ եղել են ձախողումներ:
Հիմա հասանք նրան, որ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ-Ուսայմինը կոչ է արել պաշտոնական Երեւանին «անհապաղ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։
Սա աննախադեպ է, եւ նախկինում այս կազմակերպությունը երբեք նման ադրբեջանամետ հայտարարություն չէր արել: Չէր արել, քանի որ պետությունն աշխատում էր նաեւ այս ուղղությամբ եւ լավ հարաբերություններ էր պահպանում այս կազմակերպության առաջնորդների եւ անդամ երկրների մեծ մասի հետ:
Մենք հաջողությամբ տապալվեցինք նաեւ այս ոլորտում: Մնում է ոտանավոր գրել այս մասին կամ հանրահավաք կազմակերպել եւ իսլամական երկրների ուղղությամբ քարեր նետել:
Իսկ ինչու ոչ՝ կարելի է Ստյոպա Սաֆարյանին հանձնարարել իր ֆեյքերով ասել, գրել, թե ինչ լավ է, որ Իսլամական կազմակերպությունը նման հայտարարություն է արել: Գործող իշխանությունների համար կարեւորը ոչ թե իրականությունն է, այլ թե ինչ է ասվում այդ իրականության մասին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am