Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է, այստեղ նպատակը մեկն է՝ եթե որևէ մարմին կայացնում է իշխանությանը ոչ հաճո որոշում, անմիջապես սկսվում է ճնշումների մեխանիզմը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Հասկանալի էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը, որը հաճո չէ իշխանություններին, պետք է պատճառ դառնա ՍԴ-ի դեմ պայքար մղելու համար: Եթե հիշում եք, պայքարն սկսվեց ՍԴ-ի անդամ և դատավոր բառերից, բառախաղից, հետո արդեն որոշվեց, թե հաջորդ քայլերն ինչ կարող են լինել, որպեսզի ՍԴ-ն դարձվի իշխանություններին կցորդ:
Հաջորդ քայլը եղավ դատական բարեփոխումների օրենսդրական նախաձեռնությունների փաթեթում, թեև դժվար է դա բարեփոխումներ անվանել, բայց ամեն դեպքում այնտեղ էլ կար մի առաջարկ, որտեղ ՍԴ-ի արդեն դատավորներին առաջարկում էին վաղ, որոշակի ժամկետում ազատվելու պարագայում պահպանել աշխատավարձը, հետո թոշակը և այլն: Հետո հաջորդ քայլը, երբ էլի պետք է ՍԴ-ն կցորդ դարձնելուն ուղղված լիներ, արդեն հաջորդը Հրայր Թովմասյանի նկատմամբ գործընթաց սկսելն էր»,-ասաց նա։
Էլինար Վարդանյանի խոսքով՝ նմանատիպ վարվելակերպ կար նաև ընդհանուր իրավասությունների դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ:
«Դատարանի որոշումը իշխանություններին հաճո չլինելու պարագայում կարելի է շրջափակել դատարանի մուտքերը, կամ դատավորի նկատմամբ կարելի է հարուցել քրեական գործ, որովհետև որոշումը իշխանությունների համար ամենևին ընդունելի չէր»,-ասաց նա։
Էլինար Վարդանյանի պնդմամբ՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են անկախ դատական համակարգի մասին, բայց հայտարարությունները և իրականությունը բոլորովին այլ են:
«Նույնիսկ ԲԴԽ-ում հայտարարություն եղավ, որ այսօր դատարանը ավելի քան անկախ է, ես միշտ խորհուրդ եմ տալիս այդ հարցով դիմել փաստաբաններին, որովհետև փաստաբաններն ավելի ռեալ կարող են գնահատել, այդ փաստաբանների գնահատականներով է ձևավորվում դատավորների ռեյտինգները: Եվ նրանք են ամենօրյա ռեժիմով շփվում դատավորների հետ: Այսօր դատական համակարգում ավելի շատ հետընթաց է, դատական համակարգի իրավիճակը ավելի վատթարացել է, և ավելին՝ այն վստահության պակասը, որ միշտ եղել է դատական համակարգի նկատմամբ, այսօր իշխանությունների թեթև ձեռքով ավելի խորացել է»,-ասաց նա:
Էլինար Վարդանյանը նշեց՝ իշխանություններին պետք է կցորդ համակարգ ունենալ, պետք է ունենալ դատական իշխանության նախկին համակարգը, որը ծառայում էր նախորդ իշխանությանը և այն ծառայեցնել ներկայիս իշխանություններին:
«Նախորդ իշխանություններից հետո ստացվել էր մի պահ, երբ դատավորները, կարծես, ազատվել էին կախված լինելու համակարգից, հնարավորություն ունեին նախապես ձևավորել անկախ դատական համակարգ, ցավոք սրտի դա չեղավ, ցավոք սրտի իշխանությունները թույլ չտվեցին անկախ դատական համակարգի ձևավորումը»,-ասաց նա:
Անդրադառնալով առկա քաղաքական համակարգին՝ նա նշեց, որ կուսակցական համակարգերը, կուսակցություններն իրենք իրենցով կազմալուծված են:
«Հին կուսակցությունները սպառել են իրենց, նորերն էլ քաղաքական դաշտում չեն երևում: Հիմա քաղաքական դաշտում տալ գնահատական, թե որն է ընդդիմությունը, որն է իշխանությունը, ինչու ԱԺ-ում ընդդիմությունը չի պայքարում այդ նախագծերի դեմ, մի փոքր բարդ է, որովհետև համակարգն ինքնին կազմալուծված է»,-ասաց նա։