Գյումրու քաղաքապետի խոստումներն ու գործը
2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստացել էր ընտրողների վստահության քվեի 35 տոկոսը: Ինչու՞ գյումրեցիների 35 տոկոսն ընտրեց կրկին նույն քաղաքապետին, այն պարագայում, երբ չորս տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Բալասանյանը, ըստ ընդդիմադիր թեւի, ոչ մի բան չէր փոխել քաղաքում:
Այնուհանդերձ, Սամվել Բալասանյանը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է Գյումրին դարձնել նախանձելի քաղաք: Բարեփոխումների մասին խոստումներ կան բոլոր ստորաբաժանումների հետ կապված: Բալասանյանի նախընտրական ծրագրում գրված է. «2012-2016 թվականներին բարեկարգվել է 4 պուրակ, տեղադրվել 36 խաղահրապարակ: 2016-2021 թվականների ընթացքում նախատեսվում է բարեկարգել եւս 3 պուրակ եւ տեղադրել 40 խաղահրապարակ»:
Մի քանի տարի առաջ դպրոցական կրթական ծրագրում գնահատման մի հետաքրքիր համակարգ կար: Մասնավորապես, փոխադրությունները, շարադրությունները գնահատվում էին երկու գնահատականով. մեկը՝ ընտրված թեմայի, մյուսը՝ կատարած աշխատանքի համար: Այս պարագայում Սամվել Բալասանյանի մտքի թռիչքը կարելի գնահատել հինգ, իսկ տարած աշխատանքը՝ թողնենք գյումրեցիներին:
Արդեն 7-րդ ամիսն է ինչ քաղաքապետի պաշտոնում վերարտադրվել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Սակայն որեւէ փոփոխություն չի նկատվում նրա բարձրաձայնած հիմնախնդիրների շրջանակում: Գյումրիում կան պուրակներ, մասնավորապես, Բագրատունյաց այգին, որը լրիվ աղբապատ է: Սա թեեւ քաղաքի կենտրոնում չէ, բայց կենտրոնական հատվածերում գտնվող այգիներում եւս խնդիրը կարգավորված չէ: Հաղթանակի զբոսայգին, որը կենտրոնական հատվածում է կորած է աղբի մեջ, նույնը վերաբերում է նաեւ դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող այգուն եւ այսպես շարունակ:
Հետաքրքիր է, թե չորս տարիների ընթացքում ի՞նչ է արել Բալասանյանը, որ այդ եւ մյուս բոլոր այգիները, պուրակները մնացել են աղբապատ: Սամվել Բալասանյանը հավանաբար մտածում է, թե առայժմ 7 ամիս է անցել, դեռ 4,5 տարի ունի: Նա, կարծես թե, վատ ուսանողի նման ամեն ինչ թողել է վերջին պահին կատարելու:
(շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի