Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը բխում է օրենքի եւ պետության շահերից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, հակառակ Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը, հակառակ օրենքից բխող տրամաբանությանը, օրեր առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։
Եւ այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է հրապարակի իր որոշումը: Եւ կրկին առողջ բանականությունը, օրենքը, Հայաստանի շահը հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, բայց հայաստանյան ներկայիս իրողությունները ստիպում են մտածել, որ կարող է լինել օրենքից չբխող որոշում:
Ի դեպ, այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաեւ սույն քրեական գործով անցնող մյուս նախկին պաշտոնատար անձանց փաստաբանները։
Մեկ անգամ եւս կրկնենք, եթե դատավորը շարժվի օրենքի, տրամաբանության տարրին համապատասխան, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, բայց հաշվի առնելով այն ճնշումը, որ գործադրում է Նիկոլ Փաշինյանը դատարանների վրա, թույլ է տալիս մտածել, որ որոշումը կարող է լինել հակատրամաբանականների շարքից:
Ավելորդ չէ նշել, որ դատարանների եւ դատավորների վրա գործադրվող ճնշումներին զուգահեռ գործող վարչապետը շարունակում է այնպիսի հայտարարություններ անել, որն անթույլատրելի է ոչ միայն վարչապետին, այլ ցանկացած քաղաքացու:
Այսպես, սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «Մարտի 1-ի գործը բացահայտված է», ավելացնելով, թե բանակը, մեր զինվորներին բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ եւ հրամայել են կրակել մեր տների վրա: Սա այն դեպքում, երբ բանակի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ բանակին կրակելու հրաման չի տրվել:
Ստացվում է, որ նման հայտարարություններով Փաշինյանը ոչ միայն ճնշում է գործադրում դատավորների, դատարանների վրա, փորձելով նրանց ուղղորդել, այլ համակարգված ձեւով վարկաբեկում է մեր զինված ուժերը: Ընդ որում, կրկին անգամ իրեն դատավորի գործառույթ շնորհելով, հայտարարել է, թե դա արվել է Սահմանադրական կարգը տապալելու համար:
Որեւէ դատարան, որեւէ դատավոր դեռ չի որոշել, որ Սահմանադրական կարգ է տապալվել կամ փորձ է արվել տապալել, իսկ վարչապետը նման հայտարարություններ է անում: Սա արդեն մտորելու լուրջ նյութ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am