Մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում (տեսանյութ)
Հրայր Թովմասյանի մինչև 2035 թ. պաշտոնավարումը ոտնձգություն է ՍԴ դատարանի ինքնավարության դեմ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություններին:
«Ավելորդ չեմ համարում նշել, որ 2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018 թվականի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը՝ ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, Սահմանադրական դատարանի դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել են: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցիչին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ»,- ասել է Միրզոյանը:
Սակայն մեկ տարի առաջ` 2018 թ. հուլիսի 5-ին, Արարատ Միրզոյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում:
Հարց է առաջանում, թե ինչու է ԱԺ նախագահն այժմ իրեն իրավասու համարում պահանջել ՍԴ նախագահի հրաժարականը: