Վտանգներով լի նախագծեր
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հասարակության աչքից հեռու, հնարավորինս անաղմուկ , կառավարության և ԱԺ կողմից հավանության արժանացան օրենքների նախագծեր, որոնցից յուրաքանչյուրը լի է պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար զգալի վտանգներով:
1. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առնչվում է բանկային գաղտնիքին։ Նախագծով սահմանվում է, որ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով իրավապահ մարմինների համար պետք է մատչելի լինի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը: Առաջարկվում է հնարավորություն ստեղծել ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
Այս կարգավորումը վտանգի տակ է դնում երկու ոլորտ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը և ֆինանսաբանկային համակարգը: Ստացվում է նախաքննական մարմինների աշխատանքը դյուրացնելու համար առավել նպատակահարմար է սահմանափակել մարդու իրավունքները, մյուս կողմից վտանգելով վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Հիմնական խնդիրը տոտալ գաղտնալսումների հնարավորությունն է դառնում: Արդյունքում, շատերը կերկմտեն, արդյոք իրենց ազատ դրակաման միջոցները տեղաբաշխեն բանկերում, ինչն էլ խնիրներ կստեղծի բանկային համակարգի՝ որպես ֆինանսական միջոցները մոբիլիզացնող և այն տեղաբաշխող կարևորագույն մարմնի համար:
2. Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենք, որը սահմանում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ստեղծումը: Նախագիծը անբարենպաստ իրավիճակ է ստեղծելու սեփականատերերի համար: Նրանք չեն կարողանալու լիարժեք տնօրինել իրենց ունեցվածքը՝ բարձր հարկերի, անխուսափելի դատական հայցերի և դատական քաշքշուկների պատճառով։
Սա սեփականության հանդեպ սահմանադրական իրավունքի խախտում է։ Սա փլուզելու է անշարժ գույքի շուկան: Շատերը կկորցնեն իրենց ունեցվածքը՝ բարձր հարկերի և դրա արդյունքում անշարժ գույքի արժեքի անկման պատճառով։ Մեծ է վտանգը, որ հետագայում շատերը դատարանների միջոցով փորձելու են վերականգնել իրենց իրավունքները և միլիոնավոր գումարների փոխհատուցումներ պահանջել։
3. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը: Արդյունքում սա պառակտելու է առանց այդ էլ թշնամացած հասարակությունը: Պետական մարմինների անգործությունն իրենց վրա են վերցնելու հասարակ քաղաքացիները: Եվ սա ամենևին իրավագիտակից կամ պետական մարմինների հետ համագործակցության պատրաստ քաղաքացու մասին չի վկայելու: Քանի որ իրավագիտակից քաղաքացի պետք է կրթել, քաղաքացի, որ ինքը խախտում չի անի, ոչ թե կֆիքսի ուրիշների խախտումները:
4. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Ըստ գործող կարգավորումների տվյալ պաշտոնները կարող են զբաղեցնել առնվազն գնդապետի կոչում և համապատասխան աշխատանքային ստաժ ու մի շարք այլ պահանջները բավարարելու դեպքում։ Այդպես է նաև կայացած երկրներում, որտեղ եթե այդ կառույցները չունեն նախարարության կարգավիճակ, ապա գործում է մասնագիտական համերաշխությունը: Իհարկե, կար այլ լուծում, այդ կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, իսկ նախարարները լինեին քաղաքական պաշտոններ, բայց այդ դեպքում նրանք հաշվետու կլինեին ԱԺ-ին։
Նախագիծը անսահմանափակ իշխանության վտանգներ է պարունակում: Ամփոփում Մեկ աշխատանքային շաբաթում չորս վտանգավոր նախագծեր են քննարկվում և սկսում կյանքի կոչվել։ Սրանցից ամեն մեկը ռումբ է պետության տակ։
Ասյա Օվանյան, Փաստաբան
«Իմ ձայնը» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից