Եվ՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես վարչապետ և հիմա խնդիրն այն է, թե որ մոդելով կհեռացվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը ցույց տվեց, որ, ըստ էության, այս փուլում սառեցված գործընթաց է Արցախի ֆրոնտում, և այն մարդիկ, ովքեր ստվերային ներգրավված են եղել գործընթացի մեջ, մասնավորպես հենց ինքը` Մեյթյու Բրայզան, ստիպված են բացել փակագծերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը:
Նշենք, որ Մեյթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորպես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շա՜տ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի, կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։
Անդրանիկ Թևանյանն առավել մանրամասն պարզաբանեց, թե ինչ պետք է տեղի ունենա և ինչու դա տեղի չի ունենում: «Փաստացի Բրայզան ակնարկում է, որ Փաշինյանն «այո» է ասել Բոլթոնի պլանին և «այո» է ասել արցախյան խնդրի տխրահռչակ փուլային լուծման տարբերակին կամ դրանից ավելի լավ տարբերակին, ուղղակի հետ է քաշվել ինչ-ինչ պատճառներով և, ենթադրվում է, ՀՀ-ի կողմից հայտարարվել է, որ կան ճնշումներ և այդ ճնշումների ներքո ինքը չի կարող գնալ լուծումների: Բայց ես կարծում եմ` խնդիրն այն է, որ պոպուլիստ Փաշինյանը որևէ հարցում որևէ լուծման չի կարող գնալ և չի ուզում գնալ, որովհետև իր համար ավելի շատ խնդիրն իշխանական է, և ինքը հասկացել է, որ եթե Արցախի խնդրում գնա կոշտ և անցանկալի լուծումների, ապա կկորցնի աթոռը»,- ասաց նա:
Քաղաքագետը շարունակեց, որ Մեթյու Բրայզայի և այլ քայլերի տեսքով արևմտյան շրջանակները, որոնք ՀՀ-ի հետ աշխատում են Արևմուտքի տարածաշրջանային օպերատոր հանդիսացող Թուրքիայի հետ համատեղ, ցույց են տալիս իրենց հիասթափությունը Փաշինյանից:
«Իրենք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունը թեև հայտարարված էր, որ արտաքին քաղաքական գծի փոփոխություն չի անելու, այդուհանդերձ մտածում էին, որ արտաքին կուրսի փոփոխություն պետք է լինի: «Իրենք ակնկալում էին, որ Փաշինյանը պետք է անի հետևյալ գործողությունները՝ առաջինն Արցախի հարցում գնա արագ և հայաստանյան կողմի համար ցավոտ լուծումների, որի արդյունքում հնարավոր կլինի հետագայում թուլացնել ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում, երկրորդը՝ ՀՀ-ն պետք է մտներ հակառուսական և հակաիրանական խաղի մեջ, երրորդը՝ ռուսական ռազմաբազաների դուրս մղման հարցը պետք է բարձրացվեր Հայստանում Փաշինյանի կողմից, ինչպես Վրաստանում եղավ և չորրորդը՝ Հայաստանը պետք է Փաշինյանը դարձներ պլացդարմ թավշյա հեղափոխությունների արտահանման համար»,- ասաց նա:
Թևանյանի խոսքով՝ այս չորս ուղղություններով էլ Փաշինյանը որոշակի գործողություններ արել է, բայց հետո հետ է քաշվել և փորձել է Կրեմլին սիրաշահել՝ Սիրիա գործուղելով զորախումբ և այլ քայլեր կատարելով: «Բայց, արդյունքում, ինքը դարձել է անցակալի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար: Մոսկվայի համար անցանկալի, որովհետև, այսպես ասած, նախագահների ակումբի անդամ Քոչարյանի դեմ է քայլեր ձեռնարկել քաղաքական առումով, ինչը նշանակում է դասակարգային հակասություններ Մոսկվայի և Երևանի միջև, ինչպես նաև Սիրիա զորախումբ է ուղարկել, որով նյարդայնացրել է Վաշինգտոնին»,- ասաց նա:
Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ հիմա արևմտյան շրջանակները փորձում են, այսպես ասած, գունավոր հեղափոխություն իրակացնել Հայաստանում և առիթն Ամուլսարն է: «Բայց, իրականում, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտցնելու խնդիրն է, և այս առումով Մեթյու Բրայզայի հայտարարություններն ուղղակիորեն հարվածում են Փաշինյանին, թուլացնում են, որպեսզի տարբեր շրջանակներ տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացրել Փաշինյանն իր վարչապետության սկզբնական փուլում և ինչպես է խաբել Հայաստանի Հանրապետությանը: Մեծ հաշվով կարելի է ասել` և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակնների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես քաղաքական գործիչ և որպես վարչապետ, ուղղակի խնդիրն այն է, թե որ մոդելով ինքը կհեռացվի»,- ասաց նա և նկատեց, որ եթե հեռացվի գունավոր հեղափոխության տարբերակով, դա նշանակում է, որ Հայստանը և Արցախը հայտնվելու են կատակլիզմների մեջ:
«Եվ բառի բուն իմաստով պետականության հարց է առաջնալու, լինել-չլինելու, եթե հեռացվի հայաստանակենտրոն ուժերի՝ այդ թվում իշխանության ներսի առողջ շրջանակների համատեղ ջանքերով, ապա մենք դուրս կգան այս թավշյա ծուղակից, որի մեջ գցել է Հայաստանին Փաշինյանը»,- ասաց նա: