«Ռուսաստանն անկեղծ մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ C-400-ների հարցում». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 13-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում վերստին անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին և ՌԴ-ից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցին:
Թուրքիայի նախագահը նշել է, որ թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրաժարվել է Թուրքիային վաճառել պաշտպանական զենիթահրթիռային համակարգեր, իսկ Ռուսաստանը ոչ միայն համաձայնել է վաճառել C-400-ները, այլև անկեղծ մոտեցում է ցուցաբերել:
Էրդողանը, խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ անկեղծ մոտեցում դրսևորելու մասին, հայտարարել է. «Ռուսաստանն անկեղծ մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ թե՛ համատեղ արտադրության, թե՛ վարկի տրամադրման, թե՛ ողջամիտ ժամանակացույցի հարցում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: