Իրանում ավստրալացի զույգին ձերբակալել են առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օդ բարձրացնելու համար
Իրանի իշխանություններն ամռանն Ավստրալիայից ժամանած զույգին ձերբակալել են, ըստ որոշ տվյալների, Թեհրանի մոտակայքում առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օդ բարձրացնելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Australian-ին հղումով:
Հաղորդման համաձայն՝ YouTube-ում և Instagram-ում բլոգ վարող ավստրալացի զույգին ձերբակալել են «մայրաքաղաքի մոտ անօդաչուի գործարկման» պատճառով: Խոսքն աշխարհով մեկ ճամփորդող Մարկ Ֆիրկին-Ջոլի Քինգ զույգի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր Իրանում Ավստրալիայի երեք քաղաքացիների ձերբակալության մասին։ Խոսքը Մարկ Ֆիրկին-Ջոլի Քինգ զույգի, ինչպես նաև մեկ այլ կնոջ մասին է, որը, ինչպես նշվում է, համալսարանի դասախոս է։ Երկու կանայք միաժամանակ Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի են, Ֆիրկինը՝ միայն Ավստրալիայի։
Ավստրալական SBS News լրատվականի հաղորդման համաձայն՝ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հինգշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ ավստրալացիներին ազատելու հարցով։
Փեյնը հայտնել է, որ Ավստրալիայի իշխանությունները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի իրենց համերկրացիներին ազնիվ, մարդասիրաբար և միջազգային նորմերին համապատասխան վերաբերվեն Իրանում։