Ամերիկացին մեքենաները փոթորկից փրկելու համար դրանք կայանել է հյուրասենյակում (լուսանկարներ)
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը տան հյուրասենյակում միանգամից երկու ավտոմեքենա է կայանել՝ իր BMW M3 և իր ընկերոջ Volkswagen Golf GTI մակնիշի մեքենաները՝ դրանք «Դորիան» փոթորկից փրկելու համար: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Սեպտեմբերի առաջին իսկ օրերին Բահամյան կղզիներին և ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկի վտանգավորությունը գնահատվել էր առավելագույն՝ հինգերորդ, աստիճանով: Քամու արագությունը փոթորկի ամենասաստիկ պահին կազմում էր 257 կմ/ժամ: Բազմաթիվ մարդկանց տարհանել են աղետի գոտուց: Տարերային աղետի հետևանքով նրանցից շատերն անտուն են մնացել:
Այդպիսով, Ֆլորիդայի բնակիչներից մեկը որոշել էր իր ուժերով փրկել 1988-ի արտադրության սիրելի մեքենան՝ այն տեղավորելով տան մեջ: Եվ քանի որ հյուրասենյակում ազատ տեղ էր մնացել, նա որոշել էր կացարանը կիսել ընկերոջ մեքենայի հետ: