Ծեր գիտնականը ինքնահրկիզվել է Ուդմուրտիայի խորհրդարանի շենքի մոտ
Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում այսօր ինքնահրկիզվել է գիտնական Ալբերտ Ռազինը, ով տարիներ շարունակ պայքարում էր հանուն մայրենի լեզվի պաշտպանության:
79-ամյա ծերունին այդ քայլին է դիմել տեղական խորհրդարանի մոտ, ուր եկել էր պաստառներով՝ «Եթե իմ լեզուն անհետանալու է վաղը, ես պատրաստ եմ զոհվել այսօր», «Արդյո՞ք ես հայրենիք չունեմ» գրություններով:
Միջադեպից մի քանի ժամ անց ակտիվիստը մահացել է հիվանդանոցում:
Ռազինը փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր, դոցենտ, վաստակավոր գիտնական: Անցած տարի նա մի խումբ համախոհների հետ հորդորել էր տեղի օրենսդիրներին մերժել Պետդումայի հեղինակած օրենքը, որը վերացնում է Ռուսաստանում ապրող ժողովուրդների լեզուների պարտադիր ուսուցանումը դպրոցներում: