Ուզում եք, հազար աղբատար բերեք, դրանից աղբի հարցը չի լուծվի
Երեւանը խոստացան մաքրել: Արդյունքում Երեւանը թաղվեց աղբի մեջ, առնետները բազմացան եւ գրոհեցին բազմաբնակարան շենքերը: Առնետներն այլեւս շենքի բնակիչներից չեն թաքնվում: Նրանք հասկացան՝ նոր իշխանությունն իրենց դաշնակիցն է:
Նիկոլ Փաշինյանը մոռանալով, որ վարչապետ է, ֆեյսբուքյան էջում գրում է, թե քաղաքապետ Հայկ Մարությանն այսքան աղբատար է բերել, այսքան աղբաման, իսկ վերջում ծաղրելով երեւանցում գովում Կարգին Հայկոյին:
Տխուր է, մտահոգիչ է, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան ուրախանում է ներկրված մի քանի բեռնատարով, աղբամաններով, մտահոգիչ եւ ապշեցնող է, երբ գովում է քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Հայկ Մարությանն այդպես էլ չհասկացան, որ եթե նույնիսկ մեկ միլիոն աղբատար մեքենա ներկրեն տասը միլիոն աղբարկղ, դրանով աղբի հարցը չի լուծվելու: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքապետարանը ի վիճակի չէ այս հարցը լուծել, որ քաղաքապետարանը պետք է վերահսկողի դերում լինի:
Աղբը պետք է մաքրի մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը վերահսկի նրա գործունեությունը: Իսկ հիմա ո՞վ է վերահսկելու քաղաքապետարանին: Նիկոլ Փաշինյանը կշտապի ասել, թե կլինեն թեժ գծեր, եւ որ վերահսկողության կարիք չկա, քանի որ սա ժողովրդի քաղաքապետն է, բայց դրանից առնետների թիվը չի պակասի, աղբը չի նվազի:
Խնդիրը մտածողության մեջ է: Հայկ Մարությանը երազում էր աղբի գործն ինքը անել՝ մի քանի կոպեկ ավելի աշխատել, Փաշինյանը նրան աջակցեց, ինչի արդյունքում «Սանիթեքին» դուրս մղեցին, իսկ իրենք դեռ մեր հաշվին, կրկնում եմ՝ մեր հաշվին բեռնատար ավտոմեքենաներ են ներկրում:
Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության, այդ գումարներով կարելի էր բազմաբնակարան շենքերում բազմաթիվ խնդիրներ լուծել, իսկ մասնավորն իր միջոցներով Երեւանը մաքուր կպահեր: Դուք քաղաքը վերածեցիք աղբանոցի, բազմացրիք առնետներին, որոնցից ազատվելը ավելի բարդ է լինելու, քան աղբից ազատվելը:
Եւ եթե դուք աղբի հարցը այսպես տապալեցիք, ինչպե՞ս եք լուծելու մյուս բոլոր հարցերը: Լավ, բերման ենթարկեք, ձերբակալեք, կալանավորեք, այդ ամենը որպես շոու ներկայացրեք, ցինիկաբար թաքած ունեցեք օրենքների վրա, հայտարարելով, թե ՍԴ-ի որոշումը սա չի նշանակում, նա չի նշանակում, բայց դրանից երկրի վիճակը չի լավանալու, անգամ աղբը չի մաքրվելու: Իսկ շուտով ձմեռ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am