Հարսանիքից հետո Նիկոլ Փաշինյանը ապաշրջափակում է Ամուլսարը
Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքին մի լավ ուրախացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երկուշաբթի առավոտյան ժողովրդին հայտնել իր որոշման մասին՝ Ամուլսարը հանք է լինելու:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին կոչ արեց ապաշրջափակել հանք տանող ճանապարհները: Ահա եւ վերջ: Ամեն ինչ պարզ է: Մեկնաբանություններն ավելորդ են: Բայց այն, ինչ ասաց Փաշինյանը, շատ ավելի վտանգավոր է, քան Ամուլսարի շահագործումը:
Փաշինյանը ջերմուկցիներին ասաց, թե այդ միայն ինքը՝ իր կառավարությունը կարող են ճանապարհներ փակել եւ բացել: Նա ՀՀ քաղաքացուն հասկացրեց, որ այն, ինչ կարելի է կամ կարելի էր իրեն, չի կարելի որեւէ այլ մարդու: Եթե մի փոքր խորամուխ լինեք նրա ասածի մեջ, ապա կհասկանաք, որ Փաշինյանն իրեն բացարձակ միապետ է համարում եւ այդպես էլ ապրում եւ մտածում է:
Անշուշտ, Փաշինյանը կհայտարարի, թե այդպես եմ ասում, քանի որ յոթանասուն տոկոսանոց քվե եմ ստացել, բայց եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, ժողովրդավարական այլ երկրներում ցույցերը, հանրահավաքները, գործադուլներն ու մյուս բողոքի գործողությունները կարգելվեին օրենքով, բերելով այն հիմնավորումը, թե կառավարությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն:
Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, շատ-շատ ավելի վտանգավոր է, քան Ամուլսարի շահագործումը: Փորձենք մտածել այս մասին:
Փաշինյանն այսօր անում է այն, ինչ քննադատել էր մինչ իշխանության գալը: Եւ մի փոքր հարսանիքի մասին: Մի օր Արփին Նիկոլ Փաշինյանին հարցնելու է՝ հայրիկ, իսկ երկրի ղեկավարի հարսանիք գնալը լա՞վ է, թե վատ: Եւ այստեղ Փաշինյանը հարցին չի պատասխանելու, քանի որ չի կարող պատասխանել:
Երբ նա վարչապետ չէր, Սերժ Սարգսյանին քննադատում էր հարսանիքներին մասնակցելու համար, իսկ երբ դարձավ վարչապետ ինքը սկսեց մասնակցել: Դե արի ու այսքանից հետո պատասխանիր Արփիի հարցին:
Իսկ իրականում երկրի ղեկավարն այս հարցում պետք է իրեն պահի այնպես, ինչպես վարվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդամենը:
Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործմանը, ապա Փաշինյանն անգամ ուժ կիրառելով կբացի հանք տանող ճանապարհները, բայց դա կներկայացվի որպես ժողովրդավարության եւ տնտեսական հեղափոխության տանող մի կարեւոր քայլ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am