Հակահեղափոխություն չենք անելու, որովհետև հեղափոխություն չի եղել. «Ադեկվադի» անդամ Լիլիթ Թումանյան (տեսանյութ)
Այն գաղափարները, որոնց մասին մենք խոսում ենք, այնպես չէ, որ շատ տարածված կամ հասկանալի են, բայց բնավ չենք ակնկալում, որ դրանք կլինեն համաժողովրդական: Այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:
«Երբ Արթուր Դանիելյանն ասաց, որ մենք չենք լինելու պոպուլիստ, նա խոսում էր առաջին հերթին հենց նրա մասին, որ մենք ոչ մեկին ոչինչ չենք համոզելու: Մենք ստանձնելու ենք մեր դերը, մեր ապրելակերպը, մեր մտածելակերպը, և մեր առաքելությունն է լինելու ընդամենը դա ցույց տալ, հանրային դա անել, որպեսզի մարդիկ, ովքեր համակարծիք են, նույն գծի մեջ են, նույն գաղափարախոսությանն են հարում, գան, միանան, որովհետև մենք որևէ մեկին չենք խնդրելու:
Մենք չենք քարոզելու այն, ինչը սիրում են մարդիկ, մենք չենք փորձելու ցույց տալ, որ մենք բոլորից լավն ենք, ամենախելացին ենք և պատրաստ ենք հանուն իրենց սիրո անել ամեն ինչ: Ո՛չ մենք նման քայլերի չենք դիմելու, ուղղակի ցույց ենք տալու, ինչպես արել ենք այս վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասաց Թումանյանը:
Թումանյանի խոսքով՝ իրենց նպատակը մարդկանց ճիշտը և սխալը ցույց տալն է, ինչն են համարում պետական և հակապետական, ինչն են համարում դավաճանություն և հերոսություն: Աշխատելու են բաց արժեհամակարգով և գաղափարախոսությամբ:
«Մենք ոչ թե վերափոխում ենք նախատեսում, այլ հեղափոխություն: Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու, ո՛չ, հակահեղափոխություն չենք անելու, որովհետև հեղափոխություն չի եղել: Իսկ այն, ինչի մասին մենք խոսում ենք, սա է իրական մտքի հեղափոխությունը, երբ մարդիկ հասկանում են, որ ընտրակարգը և կառավարման ձևը, որով մենք ապրել ենք տարիներ շարունակ, գուցե սխալ է եղել»,- հավելեց նա: