Մերկելը Չինաստանում Գերմանիայի օրհներգը կրկին նստած է լսել
Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը ողջույնի հանդիսավոր արարողության ժամանակ նստած են լսել Գերմանիայի հիմնը: Երբ հնչել է Չինաստանի հիմնը, ՉԺՀ վարչապետը ոտքի է կանգնել, գրում է РИА Новости-ն:
Ողջույնի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Պեկինի կենտրոնում՝ +30 աստիճան շոգի պայմաններում: Անգելա Մերկելը պաշտոնական արարողության անցկացման վայր է ժամանել ՉԺՀ բարձրագույն ղեկավարության համար նախատեսված չինական հայտնի «Հունցի» մակնիշի ավտոմեքենաների շարասյունով: Հրապարակում նրան դիմավորել է երկրի վարչապետը:
Լրագրողները հատկապես ուշադիր են եղել կանցլերի առողջական վիճակի հանդեպ, սակայն Մերկելի տեսքը հավաստել է, որ նա իրեն Չինաստանում բավականին լավ է զգում:
Ավանդույթի համաձայն` երկու երկրների ղեկավարները ողջունել են գերմանական և չինական պատվիրակությունների անդամներին, ինչից հետո աշխույժ քայլերթով կարմիր գորգով անցել են պատվո պահակները և զինվորական նվագախումբը:
Մերկելը շարունակաբար ժպտացել է` ուշադրությամբ լսելով իր չինացի գործընկերոջը, որն աշխույժ ժեստերով ենթադրաբար խոսել է եղանակի և մեկ ամիս անց նախատեսվող շքերթի մասին, քանի որ վարչապետը մերթընդմերթ նայել է երկնքին և ցույց է տվել Ազգային խորհրդի դիմաց տեղակայված դեկորացիաները:
ՉԺՀ Ազգային խորհրդի դիմաց գտնվող հրապարակի կենտրոնում հատուկ պատվանդան է կառուցված, որտեղ երկրների և կառավարությունների ղեկավարները սովորաբար պաշտոնական արարողությունների ժամանակ երկրների հիմներն են լսում, սակայն ուրբաթ օրը այնտեղ երկու փայտյա աթոռ է տեղադրվել, որոնց վրա նստած Անգելա Մերկելը և Լի Կեցյանը լսել են հիմները:
Հարկ է նշել, որ հունիս ամսից ի վեր Մերկելը ցնցման հանրային մի քանի նոպա է ունեցել` չնայած պաշտոնական հայտարարություններին, որ կանցլերն իրեն լավ է զգում:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը նստած էր լսել ազգային օրհներգը Դանիայի և Մոլդովայի վարչապետերի հետ հանդիպման ժամանակ: