Մեքսիկայի նախագահն առաջարկում է նախկին նախագահների ճակատագրերը հանրաքվեների միջոցով որոշել
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը առաջարկում է նախկին նախագահների ճակատագրերը հանրաքվեների միջոցով որոշել, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, հասարակությունը պետք է իրավունք ունենա ընտրել՝ պե՞տք է արդյոք նախկին նախագահները կանգնեն դատարանի առջեւ։ Դա կարող է տեղի ունենալ օրենսդրական նախագծի ընդունումից հետո, որը կհեշտացնի հանրաքվեի անցկացումը։ Լոպես Օբրադորը հայտարարել է, որ չի ուզում դատարաններում հետապնդել նախկին նախագահներին։
Նա Կոնգրեսին կոչ է արել վավերացնել ստորին պալատի կողմից հավանության արժանացած առաջարկությունը, որը կփոխի սահմանադրությունը եւ կհեշտացնի հանրաքվեների անցկացումը։
Լոպես Օբրադորը, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերին, երկար տարիներ հանդես էր գալիս մեքսիկական քաղաքականության մեջ կոռուպցիայի դեմ, սակայն նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին, երբ 2018թ․ ընտրություններում հաղթելուց հետո հայտարարեց, որ չի ուզում փորփրել անցյալը։
Այնուամենայնիվ, վերջին ժամանակներս նրա հանդեպ վստահությունը վերականգնվել է։ Դատախազները պետական միջոցների չարաշահման մեղադրանքով հետաքննություն են սկսել նախկին վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ։