Հրայր Թովմասյանի հետ, իմ իմանալով, հայրս երբեք չի առնչվել, կապ չի ունեցել, նույնիսկ անձնապես ծանոթ չի եղել. Լևոն Քոչարյան
Հույս ունենք, որ կկայացնեն արդար որոշում և ճնշումների չեն ենթարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը` ներկայացնելով Սահմանադրական դատարանի որոշումից իր ակնկալիքը:
Նա նշեց, որ որոշումից հետո հաջորդ քայլերի մասին փաստաբանական թիմը կներկայացնի, և բողոքներ կան ներկայացնելու Եվրոպական դատարան:
«Շատ կարևոր է կոնկրետ դատավորի դերը, դատավորի ներքին անկախությունը, թե որոշում կայացնելուց ինչով է առաջնորդվում: Գաղտնիք չէ, որ կա հսկայական ճնշում դատական համակարգի վրա, հատկապես երբ հացերը Ռոբերտ Քոչարյանին են վերաբերում: Այսինքն` ճնշում միանշանակ կա, հարցն այն է, թե դատավորը ենթարկվում է այդ ճնշման, թե գործում է օրենքի շրջանակներում»,-ասաց նա:
Նա նկատեց, որ տարիներ շարունակ այսօրվա իշխանությունները մեղադրել են նախկիններին դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու մեջ: «Դրանք ենթադրություններ էին, միգուցե կար, միգուցե չկար, ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ մենք այսօր ունենք դա փաստարկված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն գնահատականին, որ ակցիաները ևս կարելի է դիտարկել որպես ճնշում, նա ասաց, որ չի գտնում՝ աջակցությունը կարող է ընկալվել որպես ճնշում:
Հարցին, թե կարծում է, որ Հրայր Թովմասյանը օբյեկտիվ որոշում կկայացնի, նա ասաց, որ կտեսնենք: «Հրայր Թովմասյանի հետ, իմ իմանալով, հայրս երբեք չի առնչվել, կապ չի ունեցել, նույնիսկ անձնապես ծանոթ չի եղել»,-ասաց նա: