Մեր վերջնական նպատակը Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելն է. Ալումյան
Մեր նպատակներից մեկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի, իսկ վերջնական նպատակն այն է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին ՀՀ սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Անդրադառնալով ՍԴ–ում քննարկվող հարցին, Ալումյանը նկատեց, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ Սամանադրական դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել–չարձակելու հարցը։
«ՍԴ–ն քննարկում է արդյոք Սահմանադրությանը համապատասխանում են այն օրենքները, որոնք կիրառվել են և արդյոք այդ օրենքների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան չի հակասում Սահմանադրությանը»,–ասաց նա։
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում վանկարկում են «ազատություն», արդյոք սա ճնշում չէ Սահմանադրական դատարանի նկատմամբ, Ալումյանը պատասխանեց.
«Այսօր ՍԴ–ն չի քննում պարոն Քոչարյանին կալանքից ազատել–չազատելու հարցը, երկու կողմեր են ակցիա իրականացնում և տարբեր վանկարկումներ հնչեցնում, երկու կողմն էլ իրենց վերաբերմունք են դրսևորում պարոն Քոչարյանի և նրա գործի վերաբերյալ։ Եթե դա ճնշում է, ապա երկու կողմից է ճնշում, եթե ճնշում չէ, ապա երկու կողմից էլ ճնշում չէ։ Մեզ մոտ այդ ճնշման պլանկան այնքան է բարձրացել, որ արդեն ունենք պաշտոնական տեսակետ, որ երբ դատարանները բռնի ուժով փակվում են և դատավորներին թույլ չեն տալիս ներս մտնել , պաշտոնական տեսակետ կա, որ դա դատավորների նկատմամբ ճնշում չի համարվում»։
Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանը օգոստոսի 29–ից գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 4–ին։