«Իմ սիրտը կողմ է մահապատժին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել երկրում մահապատժի վերականգնմանը:
Նա, Ռուսաստանից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, իր պատրաստակամությունն է արտահայտել մահապատժի վերականգնման հարցում, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից, գրում է «Սաբահ»-ը:
Եվրոպական արժեքների և մահապատժի անհամատեղելիության համատեքստում Էրդողանը նշել է. «Անգամ ամենամոտ շրջապատս ասում է, թե Եվրոպան մահապատժի համար այսպես կամ այնպես է անում: Աշխարհի տարբեր երկրներ մահապատիժ են կիրառում: Եթե խորհրդարանը քննարկի և որոշում կայացնի, ես կհաստատեմ այն»:
«Իմ սիրտը կողմ է մահապատժին»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրը նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկ անգամ չի ներկայացրել խորհրդարան, և ինքը սխալ է համարում մահապատժի հարցն օրակարգ բերելը: Նա հավելել է, որ Թուրքիայում դատավարական սխալները ոչ թե միլիոնից մեկ են, այլ մոտ 50 տոկոս, և եթե մահապատիժ լիներ, ապա բազմաթիվ լրագրողներ, գեներալներ, գրողներ մահապատժի ենթարկված կլինեին:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում նույնպես բազմիցս կողմ է արտահայտվել մահապատիժը վերականգնելու հարցում: