Արամ Աթեշյանը տեղի կտա Էրդողանի կոչին. Սահակ Մաշալյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը պոլսահայ համայնքին՝ անմիջապես անցկացնել Պոլսո պատրիարքարանի ընտրությունները, իր ազդեցությունը կունենա, այն շատ կարևոր է, դրա առաջ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղի կտա: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
«Էրդողանի հայտարարությունը լավատեսություն է հաղորդում հայ համայնքին: Հանրաքվեից հետո Էրդողանը բարեկամեցողություն է դրսևորում և իր խոստումն է իրականացնում»,- ասաց նա:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի առիթով հայ համայնքին ուղղված ցավակցական նամակում հայտնել էր, որ ցանկանում է, որ Պոլսի պատրիարքարանի ընտրություններն անմիջապես տեղի ունենան:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ Արամ Աթեշյանը գուցե կարծում էր, որ Թուրքիայում անցկացվող հանրաքվեից հետո հայ համայնքը չի պնդի ընտրություններ անցկացնելու հարցում: Ըստ նրա՝ պատրիարքի ներկայիս փոխանորդը կարծում էր նաև, որ պետությունը չի հետաքրքրվի հայ համայնքին վերաբերող խնդրով:
«Արդեն տեղապահ է ընտրված: Այս իրավիճակը Արամ սրբազանը պետք է ընդունի: Եթե ոչ, ապա ստիպված կլինենք պետությանը հասնելու համար Արամ սրբազանի վրայով անցնել, զարտուղի ճանապարհներով գնալ: Գուցե պարզվի համայնքի երկփեղկվածության հանգամանքը, բայց հուսանք, որ դրան չենք հասնի»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը ներկայացրեց, որ պատրիարքական ընտրությունների հետ կապված հիմա իրենք որոշել են Թուրքիայի նախագահի հրամանը հասցնել ավելի ցածր պաշտոն զբաղեցնողներին: «10-15 օրից գործընթաց կսկսվի»,- ավելացրեց նա:
Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետը տեղյակ չէ, թե Արամ Աթեշյանն ինչպես է արձագանքել Էրդողանի նամակին, բայց սպասում է․ գուցե ավելի ուշ նա ևս հայտարարությամբ հանդես գա:
«Բայց անձնապես շատ հույս չունեմ, որ Արամ Աթեշյանն ինչ-որ բան կանի: Ես իրենից առողջ դատողություն չեմ սպասում: Նորից պետք է ասի, որ ինքն է փոխանորդը: Բայց մարդիկ սիրում են զարմացնել, ցանկանում եմ, որ Արամ սրբազանն էլ մեզ զարմացնի և տեղի տա, որպեսզի հայ համայնքի պատրիարքն ընտրվի»,- ասաց նա:
Նշենք, որ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էրդողանի նամակին, ասել էր, որ «հայկական համայնքը պետք է դիմի պատրիարքարան: «Թող Արամ Աթեշյանն էլ մասնակցի ընտրություններին: Եթե ինքը ընտրությունների արդյունքում ընտրվի, թող մնա: Բայց եթե չընտրվի, իր խնդիրն է»,– ասել էր նա: