РБК-ի կազմած՝ խորհրդային մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկում հայտնվել է նաև «Ռոսիա» կինոթատրոնի շենքը
Ռուսական «ՌԲԿ» (РБК) պարբերականը կազմել է խորհրդային մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «արժե տեսնել»:
Ցուցակում է հայտնվել նաև խորհրդային տարիներին կառուցված «Ռոսիա» կինոթատրոնը, որը գտնվում է Երևանի կենտրոնում:
«1980-ական թվականներին կինոթատրոնը Հայաստանում «ամենատարողունակներից» էր: Բացի այդ, այստեղ գործել են ցուցասրահներ, պարասրահներ և սրճարաններ: Շինության երկու կողմերից կորացող վերջնամասերը ձայնի բնական ուժեղացման գործառույթ են կատարել: Կինոթատրոնի երկու մասնաշենքերի միացման վայրում ճարտարապետները նախագծել են թափանցիկ առաստաղ, որի միջոցով հանդիսատեսը կարող էր դիտել աստղային երկինքը երեկոյան կինոդիտումներից հետո»,- գրում է լրատվամիջոցը:
Նշվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Ռոսիա» կինոթատրոնը հայտնվել է անմխիթար վիճակում: Պարբերականի հաղորդմամբ՝ 1990-ականներին այնտեղ գործել են առևտրային կրպակներ: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվել է և վերածվել առևտրի կենտրոնի: