Վարչապետը կարո՞ղ է ապրանք կամ ապրանքանիշ գովազդել
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում գնել այսինչ հայկական ընկերության արտադրանքը: Ավելին, լուսանկար է հրապարակում, տեղեկացնում, որ կրում ենք այսինչ ընկերության արտադրած վերնաշապիկները: Բացի այդ նշում, որ վերնաշապիկն էլ «Կիլիկիան» Հայաստանի զինանշանով է եւ Տիգրան Մեծի պատկերով:
Իհարկե, շատ լավ է, երբ վարչապետն իրեն լավ է զգում այսինչ ընկերության արտադրած ջինսե հագուսը կրելիս, բայց այստեղ բազմաթիբ հարցեր եւ մեկ կարեւոր հարց է առաջանում՝ արդյոք վարչապետն իրավունք ունի գովազդել այս կամ այն ապրանքը կամ ապրանքանիշը, որքան էլ այն լինի հայկական:
Բնականաբար, մյուս մրցակից հայկական ընկերությունների մոտ եւս հարց է առաջանում, ինչու ոչ իրենց արտադարանքը կամ ինչ պետք է անեն, որ վարչապետի ընտանիքը գովազդի նաեւ իրենց ընտանիքը:
Այլ կերպ այս ամենը կընկալվեր, եթե վարչապետը առանց որեւէ հագուստ կրելու, առանց որեւէ ընկերության անվանում հնչեցնելու կոչ անի գնել հայկական արտադրանքը:
Եւ վերջում մեկ այլ հարցի մասին: Լավ է, որ Կիլիկյան հայաստանի զինանշանով հագուստ՝ վերնաշապիկ է արտադրվում, բայց որքանով է ճիշտ, որ այն ցուցադրաբար կրի երկրի առաջին դեմքը: Առանց այն էլ այս բարդ տարածաշրջանում, բարդ հարաբերությունների պարագայում կրակի վրա յուղ լցնելը, մեր հակառակորդներին մանիպուլիացիաների հումք տալը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ:
Ի վերջո Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հակառակորդները, եւ ոչ միայն Թուրքիայում, այլ մեր մյուս հարեւան Ադրբեջանում այս փաստը շատ հանգիստ կարող են օգտագործել մեր երկրին անհարկի մեղադրանքներ ներկայացնելու համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am