Ֆրանսիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը
Ֆրանսիայի հարավային Բիարից հանգստավայր քաղաքում մեկնարկել է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը: G7-ի մեջ են մտնում Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան:
Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը միասին նախաճաշել են:
«Ամեն ինչ լավ է, եղանակը հրաշալի է, ֆանտաստիկ հյուրեր են, ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք շատ բանի կհասնենք շաբաթավերջի այս օրերին, ես անհամբերությամբ եմ դրան սպասում», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե Մակրոնի հետ ընդհանուր շատ բան ունեն, երկար ժամանակ ընկերներ են, լավ հարաբերություններ, կարող է ասել՝ հատուկ հարաբերություններ ունեն:
Բիարիցի մոտ բողոքի ակցիա են անցկացնում գլոբալիզացիայի դեմ ակտիվիստները: