Թուրքիայի գերագույն դատարանը հրաժարվել է քննարկել հանրաքվեի չեղարկման վերաբերյալ ընդդիմության հայցը
Թուրքիայի Գերագույն դատարանը հրաժարվել է քննարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայցը, որը փորձում է չեղարկել սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ հրաժարվել է քննարկել ԺՀԿ-ի հայցը՝ Բարձրագույն ընտրական խորհրդի իրավազորության ստուգման վերաբերյալ, որն ավելի վաղ հրաժարվել է չեղարկել ընտրության արդյունքները ընդդիմության հարցմամբ։ Համաձայն Գերագույն դատարանի որոշման՝ Բարձրագույն ընտրական խորհրդի որոշման գնահատականն իր իրավասության մեջ չի մտնում։
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ հաղթել են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները՝ ստանալով ձայների 51․3 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 86 տոկոս։
Լուրեր Հայաստանից - NEWS.am