Այսքան բնակիչ է հավաքվել, բայց վարչապետը գնացել, տներում հանգստացողների կարծիքն է հարցնում. ջերմուկցի
Ջերմուկում դեռ շարունակվում են բողոքներն ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Բնակիչները գոհ չեն Փաշինյանի այցելությունից՝ նշելով, որ իրենց իրավունքները հաշվի չեն առնում, և բնակիչների հետ խոսելու համար Փաշինյանը պետք է գար ու, տներով պտտվելու փոխարեն, հավաքվածների հարցերին պատասխաներ:
«Բնակչությունն այստեղ է, մնացածն էլ աշխատանքի են: Բնակարանում կարող է 1-2 մարդ լինել, ուրեմն այսքանս բնակիչ չե՞նք, բնակարանում եղածները բնակիչ են: Ո՞վ կուզի իր քաղաքի կամ գյուղի կողքին հանք լինի: Ով ձգտում է, թող գնա կառավարությունում դիմում գրի, խնդրի, գան իրենց բնակարանի կողքին հանք բացեն: Մենք չենք ուզում»,- ասաց բնակիչը:
Նրանք շարունակում են մնալ այն կարծիքին, որ իրենց առողջությունն ավելի կարևոր է, քան հանքարդյունաբերության ոլորտում բարձր աշխատավարձը:
Tert.am-ի հարցին թե Ամուլսարի տարածքում բուսականության դեղնելը նկատել են, թե ոչ, բնակիչն ասաց, որ իրենց թույլ չեն տալիս բարձրանալ ու տեսնել: «Հիմա Երևանում նստած մեկը ինչ-որ բան ասի, դուք գաք, հարցեր տաք. մեզ պետք չի: Մեզ մեր ջուրն է պետք»,- ասաց նա:
Բնակիչների կարծիքով՝ արհամարհել են իրենց, ժողովուրդը սա համբերատար տանել չի կարող: «Ամբողջ խնդիրն այն է, որ ջերմուկցիների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Մեզ միայն 2016 թվականին են ազդագիր համայնք ճանաչել: Ընդ որում՝ անկախ իրենց կամքից: 2016 թվականին տեղի է ունեցել համայնքների խոշորացում, ավտոմատ կերպով մյուս գյուղերը միացել են Ջերմուկին ու ճանաչվել ազդագիր: Ոչ մի անգամ ոչ մեկը կարծիք չի հարցրել: Հիմա էլ են մեզ ասում՝ մենք որոշել ենք՝ հանք ենք բացում, այդպես չի լինի: Մենք իրավունք ունենք լսված լինելու ու պաշտոնական կարծիք հայտնելու: Այսքան բնակիչ է հավաքվել, ամեն մեկը մի ընտանիքի անդամ, ոչ մեկին չեն լսում, բարձրացել են տներում հանգստացողներին են լսում»,-ասաց բնակիչը:
Ջերմուկցիներն ասացին, որ վարչապետը դառը իրականությունից է փախչում: Ժողովուրդը նրանից սպասում է ի օգուտ ժողովրդի կայացված որոշում: