Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին դատավորի գրասենյակից՝ նշելով, որ գործը վարույթ է ընդունվել օգոստոսի 20-ին։
Այս պահի դրությամբ՝ նիստի օր դեռեւս նշանակված չէ։
Հիշեցնենք, որ գործը Աննա Դանիբեկյանին էր մակագրվել օգոստոսի 19-ին։
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախկինում քրեական գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, որը մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդ միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները։ Մայիսի 20-ին դատավոր Գրիգորյանը որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Սրանից հետո պարզ դարձավ, որ Դատախազությունը քրեական գործ է հարուցել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով, ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Դատավորի աշխատասենյակում խուզարկությունից եւ առգրավումներից հետո՝ հուլիսի 26-ին, ԲԴԽ միջնորդություն ներկայացվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ երեք դրվագով։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին երկու դրվագով բավարարել է, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։