Ադամ Շիֆը հիասթափված է Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով Թրամփի հայտարարությունից
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Նշենք, որ Շիֆը մասնակցում է Լոս Անջելեսում դեպի թուրքական հյուպատոսություն կազմակերպված երթին:
«Այսօր մենք հերթական հիասթափությունը ստացանք եւս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թվականներին 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչել»,- ասել է Շիֆը եւ հավելել. «Նախագահ Թրամփը միացավ հանրապետական եւ դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չեն ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ԱՄՆ-ն դարձնելով ժխտողական արշավի մաս»:
Նա նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայերի սպանության, բռնաբարության, արտաքսման դաժան արշավ իրականացրեց՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ընթացքում խլելով 1.5 մլն տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքեր:
«Այսօր էլ հարյուր հազարավոր կրոնական փոքրամասնություններ Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գոյության պատճառով բնաջնջման վտանգի տակ են: Այդ պատճառով առավել եւս արդիական է, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ կանխի ժամանակակից ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունը»,- ասել է Ադամ Շիֆը: