Նիկոլ Փաշինյանը փոխում է Սահմանադրությունը
Ավելորդ թյուրիմացություններից եւ թյուրընկալումներից երկիրն ազատելու եւ ժողովրդին էլ ավելի լավ ծառայելու համար Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախ ընկած լուրերի, որոշել է փոխել Սահմանադրությունը:
Ավելին, մեզ հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Սահմանադրությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական եւ աշխարհի ամենաարագ զարգացող պետությունն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հոդված 3. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է իր կամարտահայտողի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ-վարչապետի միջոցով:
Հոդված 4. Կառավարությունը, Խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորվում են ժողովրդի՝ այն է նրա կամարտահայտողի կողմից:
Հոդված 5. Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ղեկավար եւ ուղղորդող ուժը, պետության միջուկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում բողոքի գործողություններ, ճանապարհներ փակել, ռադիոտներ եւ կամուրջներ գրավել, մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտել, դատարանները շրջափակել կարող են բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիները ՀԱՎԱՍԱՐ են, սակայն որոշ քաղաքացիներ ավելի ՀԱՎԱՍԱՐ են, քան մյուսները:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր կամարտահայտողի միջոցով նշանակում է բոլոր դատավորներին, այդ թվում Սահմանադրական դատարանի անդամներին:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է սոցիալական ցանցերում առնվազն շաբաթը քսանմեկ անգամ իր գոհունակությունը հայտնել երկրի առաջնորդից:
Top-News.am-ի հումորի բաժին