Ծանոթացեք Տավուշում փայլուն օպերացիա իրականացրած հերոսի հետ, որի շնորհիվ հայկական բանակը դուրս է եկել նոր դիրքեր
Ռազմաստրատեգիական նշանակության օպերացիան իրականացվել է 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների կողմից՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։
Նշենք, որ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերին հաջողվել է ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:
Տեւական ժամանակ է ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում իրենց սահմանապահ զորքերի «նվաճումների» մասին: Սակայն այս տեղեկություններն արդեն տարակուսանք են առաջացնում Ադրբեջանում, քանի որ պարզվում է՝ ադրբեջանական զորքերը տեղաշարժվում են իրենց տարածքում։
Այս տեղեկություններին ի պատասխան ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել էր․ «ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»:
Նա նաև ասել էր, որ հայկական կողմը չի բարձրաձայնում այս մասին, բայց եթե Բաքուն շարունակի իր ապատեղեկատվությունը, հայկական կողմը կարող է տեղեկություններ հրապարակել, որոնք տհաճություն կպատճառեն նրան:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայկական ԶԼՄ-ներին կոչ էր արել կուլ չտալ Բաքվի քարոզչական խայծերը եւ այդպիսով չլծվել այդ քարոզչությանը, ինչն իսկապես խնդիր է, հատկապես առցանց ԶԼՄ-ներում: Նա ասել է, որ հայկական կողմը չի բարձրաձայնում իր նվաճումների մասին՝ զինվորականներին հարվածի տակ չդնելու համար: