Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու
Սեպտեմբերի 8-ին Արցախի 228 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քարոզարշավը մեկնարկել է օոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 6-ը: Այդ օրը Ստեփանակերտում նույնպես միաժամանակ տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:
Նրանցից միայն Արայիկ Ավանեսյանն ունի կուսակցական պատկանելություն (Ինքնություն և միասնություն) և առաջադրվել է կուսակցության կողմից: Մյուս թեկնածուներն անկուսակցական են և ընտրություններին առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով:
Առաջին երեք թեկնածուները՝ Արեգ Ավագյանը, Արայիկ Ավանեսյանը, Դավիթ Սարգսյանն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են բիզնես և մասնավոր հատվածում: Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետի տեղակալն է, իսկ Գրիգորի Սահակյանը նախկին զինվորական է, եղել է զորամասի հրամանատար, ներկայում պահեստազորի գնդապետ է:
Ըստ տեղում արված նախնական գնահատականների՝ ստեփանակերտցիներն առաջադրված թեկնածուներից քաղաքապետի գլխավոր հավակնորդ են համարում Դավիթ Սարգսյանին:
Նշենք, որ Ստեփանակերտը Արցախի ամենամեծ համայնքն է՝ ավելի քան 30 հազար ընտրողով:
Ներկայիս քաղաքապետը Սուրեն Գրիգորյանն է, նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011-ից: