Մեր կողքին ապրել եւ ապրում են բոլշեւիկներ, ստալինիստներ. առաջարկում են կախել Նունե Եսայանին
Գյումրին պատրաստվում է նշել քաղաքի օրը: Քաղաքային իշխանությունները հրավիրել են հայտնի երգչուհի Նունե Եսայանին: Թվում է ոչ մի արտառոց տեղեկություն, բայց միայն թվում է: Իշխանության աջակիցներից, իշխանության ֆանատներից մեկը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է անում բոյկոտել Նունե Եսայանին, կոչ է անում ամեն ինչ անել, որ Գյումրիի քաղաքապետարանը հրաժարվի Նունեին հրավիրելու գաղափարից:
Առաջարկության հեղինակն իր առաջարկը փաստարկել է նրանով, որ ժամանակին Նունե Եսայանը լրագրողի հարցին պատասխանելիս մարտի 1-ի հավաքի մասնակիցներին անվանել էր ամբոխ:
Առաջարկի հեղինակը սովորական բոլշեւիկ է: Նա հաստատ Նուրիջանյանի հետ կացինը ձեռքին կսպաներ բանտում գտնվող հայ սպաներին, հաստատ 1937-ին մատնագիր կգրեր եւ ՀՔԾ-ին կառաջարկեր Սիբիր աքսորել Նունե Եսայանին, իսկ նրա ամուսնուն՝ գնդակահարել:
Առաջարկի հեղինակը, որը գուցե մարտի 1-ին փախել էր տուն, շառից, փորձանքից հեռու սկզբունքով, Նունե Եսայանին ծանր մեղադրանքներ է ներկայացնում միայն նրա համար, որ նա ասել էր, որ եթե չլիներ այդ հավաքը չէին էլ լինի զոհերը:
Նունե Եսայանը երգչուհի է, շատ լավ երգչուհի, բայց քաղաքական գործիչ չէ: Գուցե մտքերը հարթ չի դասավորել, խորամանկորեն չի դասավորել, բայց նողկալի է նրան բոյկոտելու կոչերը: Դրանից 1937-ի նամշահոտ է գալիս:
Ցավն այն է, որ այս գրառման տակ հայտնվել են այլ տղամարդիկ, որոնք պաշտպանել են առաջարկի հեղինակին: Ձեզ մնար, դուք Նունե Եսայանին եւ մեզ՝ ձեզ նման չմտածողներին, կգնդակահարեիք, կաքսորեիք ինչպես 1937-ին: Սա եք դուք: Պարզապես թույլ եք եւ գործը գնդակահարությանն ու աքսորին չի հասնում, բայց դուք բոլշեւիկներից ոչնչով չեք տարբերվում:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am