Աշխարհի ամենակարեւոր իրադարձությունների մասին
Անչափ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում: Պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն իր մոտ խորհրդակցության է հրավիրել երկրի ամենախոշոր քաղաքի՝ Նյու Յորքի քաղաքապետին եւ ուղիղ եթերում քննարկել երկրի թիվ մեկ խնդիրը՝ աղբահանությունը:
Դոնալդ Թրամփն իրեն բնորոշ կատակներով աղբահանության հարցում աջակցել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, որը չի թաքցրել, որ նպատակ ունի քաղաքապետարանի ենթակայության տակ ստեղծել աղբահանությամբ զբաղվող կազմակերպություն եւ դուրս մղել այն ընկերությանը, որը քաղաքապետարանի հետ պայմանագիր ունի:
Ճապոնիայի վարչապետ Իտո Հիրոբումին ստանալով կայսրի համաձայնությունը պատմության մեջ առաջին անգամ լայվ է մտել եւ այդ ընթացքում Տոկիոյի քաղաքապետ Կոիկե Յուրիկոյի հետ քննարկել երկրի մայրաքաղաքի աղբահանության խնդիրը:
Շատ երկար երկրի բնակիչների աչքի առաջ վարչապետը հումորներով անդրադարձել է աղբի մեջ կորած Տոկիոյին, իսկ Տոկիոյի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը հպարտանալով ասել է, որ եթե ոչ շաբաթը մեկ անգամ, ապա գոնե շաբաթը երկու անգամ լինում է աղբանոցում:
Ճապոնացիների մոտ մինչ օրս դեռ հարց է, թե ինչ է անում քաղաքապետը աղբանոցում, երբ աղբը քաղաքում է:
Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը թագուհի Եղիսաբեթ 2-ի օրհնությունը ստանալով լայվ է մտել եւ բրիտանացիներին ուղիղ եթերում ցուցադրել իր եւ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի հետ զրույցը: Բնականաբար, քննարկվել է եւ բավական երկար Լոնդոնի աղբահանության խնդիրը:
Ուղիղ եթերի ժամանակ բրիտանացիները նկատել են, որ Սադիկ Խանի անգլերենի բառապաշարը հարուստ չէ, եւ նա անգամ չի կարողանում արտաբերել թեքություն բառը, եւ Բորիս Ջոնսոնը նրան աջակցելով հուշել է այդ բառը, ապա ավելացրել ժարգոնային դիք բառը, որ քաղաքապետն իրեն վատ չզգա:
Հետո Բորիս Ջոնսոնը խոսելով երկրի թիվ մեկ խնդրի՝ աղբահանության մասին իր աջակցությունն է հայտնել Սադիկ Խանին, մտերմաբար կատակներ արել, ապա նայել ժամացույցին, հասկացել, որ էլի գործեր ունի եւ առաջարկել ավարտել կարեւոր հարցի քննարկումը:
Բրիտանացիներն էլ սկսել են կռահել, թե որն է այդ գործը, իսկ ավելի կոնկրետ, որ փառատոնի ժամանակ է ուզում այս կամ այն կերակուրը համտեսել Բորիս Ջոնսոնը:
Ամերիկացիները, ճապոնացիները եւ բրիտանացիները երջանիկ են, որ իրենց երկրների ղեկավարները երկրի կարեւորագույն խնդիրն ուղիղ եթերում քննարկում են հենց իրենց աչքի առաջ: «Ոչինչ, որ Նյու Յորքը աղբի մեջ կորած է, բայց ինչ ժողովրդավար նախագահ ունենք»,- գրել է ֆեյսբուքյան մի օգտատեր: Մի ճապոնուհի էլ ուղիղ եթերի ժամանակ գրել է. «Ուտեմ մեր վարչապետի պ...ը»: Մի կին էլ, որ ապրում է Մանչեսթերում, ֆեյսբուքում անիծել է բոլոր նրանց, ովքեր զգուշավորությամբ նշել են, որ ամոթ է այն երկրին, որի կարեւոր հարցը աղբահանությունն է եւ որին ժամանակ է հատկացնում երկրի ղեկավարը:
Միջազգային կարեւոր լուրերին ձեզ ծանոթացրեց
Աննա Բաղդասարյանը