Ովքեր են ցեխ շպրտում լավ կազմակերպված Համահայկական խաղերի ուղղությամբ
Օրեր առաջ տպավորիչ բացմամբ արարողությամբ Ստեփանակերտում տրվեց համահայկական խաղերի մեկնարկը: Հայաստան են ժամանել աշխարհի բազմաթիվ երկրներ ներկայացնող մեր հայրենակիցները, ընդ որում, ոչ միայն մարզիկներ, այլ նաեւ երկրպագուներ:
Համահայկական խաղերը շատ լավ կազմակերպված են, Համահայկական խաղերը լավ առիթ է մեր հայրենակիցներին հայրենիքի հետ ավելի կապելու համար, Համահայկական խաղերը, վերջապես սկսվեցին ճիշտ ժամանակին, մի փոքր թոթափելով այն լարվածության մթնոլորտը, որ առկա էր մեր երկրում:
Համահայկական խաղերի լավ կազմակերպված լինելու մասին կարող ենք հավաստիանալ ծանոթանալով ադրբեջանական մամուլին: Նրանց նյարդայնացնում են, հունից հանում են այս խաղերը:
Ադրբեջանցիներին դեռ կարելի է հասկանալ: Համահայկական խաղերի լավ կազմակերպված լինելը, հայերի միասնության դրսեւորումը, Ստեփանակերտում կայացած բացման արարողությունը նրանց չի կարող ուրախացնել: Տարօրինակը մեր այն հայրենակիցներն են, որոնց եւս նյարդայնանուցնում են այս խաղերը: Առավոտից մինչեւ ուշ գիշեր նրանք խաղերի կազմակերպիչների, խաղերի ուղղությամբ ցեխ են շպրտում:
Ոմանք սրտացավորեն, թե միտումնավոր, լուն ուխտ սարքելով գրում են, թե առկա են թերություններ, որ թե այս կամ այն մարզիկը կամ թիմը դժգոհ է սրանից կամ նրանից, ինչը լավ առիթ է դառնում որոշ լրատվամիջոցների համար Համահայկական խաղերը սեւացնելու համար: Այդպիսի ջանասիրությամբ եւ տվայտանքով, այդպիսի համառությամբ եւ կատաղությամբ անգամ ադրբեջանական մամուլը չի սեւացնում Համահայկական խաղերը:
Անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունները կամ օլիմպիական խաղերն անթերի չեն անցնում, երբ ներդրված են լինում հսկայածավալ մարդկային եւ նյութական միջոցներ: Բնականաբար, Համահայկական խաղերը կազմակերպչական առումով կարող են եւ թերացումներ ունենալ, բայց մի՞թե դա պատճառ է այսքան մեծ ատելությամբ գրել Համահայկական խաղերի եւ դրանց կազմակերպիչների մասին:
Ատելությունն այնքան մեծ է, որ դա հազիվ են թաքցնում կամ գրեթե չեն թաքցնում: Անգամ հասել են այնտեղ, որ ուզում են ասել, թե Համահայկական խաղերը «հակահեղափոխականներն» ու «սեւերն» են կազմակերպել:
Ի՞նչ նպատակ են հետապնդում Համահայկական խաղերը սեւացնողները. Կարելի է մի քանի վարկած առաջ քաշել, բայց Հայաստանի, հայ ժողովրդի համար անչափ կարեւոր այս միջոցառումը սեւացնողները պետք է արժանանան ազգային անվտանգության մարմինների ուշադրությանը: Առնվազն նրանց մի քանի հարց պետք է ուղղել, պարզելու համար, թե ինչու են լծվել խաղերը սեւացնելու գործին՝ ուրախացնելով մեր թշնամիներին եւ հակառակորդներին:
Իհարկե, կշտապեն ասել, թե սրտացավ են: Սրտացավ կարող են ֆեյսբուքյան գրառումներ լինել այս կամ այն խնդրի վերաբերյալ, բայց սրտացավությամբ հոդվածներ չեն գրվում: Սրտացավ մարդիկ շեշտերը այլ կերպ են դնում, անգամ երբ խնդիրներ եւ թերություններ են վերահանում:
Բարեբախտաբար, Համահայկական խաղերը շատ լավ, շատ բարձր մակարդակով են կազմակերպված եւ այստեղ մեծ է ոմանց կողմից «սեւ» եւ «հակահեղափոխական» հռչակված Իշխան Զաքարյանի ներդրումը: Լավ, ուժ չեք գտնում շնորհակալություն հայտնել, արժանին մատուցել գոնե մի սեւացրեք, գոնե ադրբեջանցիների ջրաղացին ջուր մի լցրեք:
Հակոբ Ասատրյան
Top-News.am