Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Կազիմիրովի մասին
ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը 90 տարեկան է: Այս օրերին նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Շնորհավորողների թվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը իր «Կյանք եւ ազատություն» գրքում անդրադարձել է նաեւ Կազիմիրովին: Ներկայացնում ենք մի հատված:
«Այդ տարիներին բոլորից եռանդուն գործում էր Վլադիմիր Կազիմիրովը՝ ոչ սովորական ու շատ հետաքրքիր մարդ, ուժեղ դիվանագետ, որը հետագայում գիրք գրեց այդ իրադարձությունների մասին, որոնց վկան ու մասնակիցն էր եղել:
Ամեն անգամ, երբ իրավիճակը թեկուզ մի քիչ փոխվում էր, նա անպայման հայտնվում էր մեզ մոտ: Կազիմիրովի արտակարգ ակտիվությունը երբեմն նույնիսկ նյարդայնացնում էր մեզ, բայց, դրա հետ մեկտեղ, մեզ մոտ նրան իսկապես հարգում էին:
Նախ՝ ղարաբաղյան հակամարտության բոլոր նրբությունները խորությամբ իմանալու համար:
Երկրորդ՝ անսպառ եռանդի համար. նա կարող էր կիրակի օրվա առավոտյան 6-ին զանգել համանախագահ-գործընկերներից ցանկացածին՝ ֆիննին կամ շվեդին, ու գործերից խոսել:
Ուիքենդին եվրոպացուն զանգելը աներեւակայելի բան էր: Ու համանախագահները, ավելի շուտ՝ գլուխներն ազատելու համար, ամեն ինչում համաձայնում էին նրա հետ: Կազիմիրովը մուտք ուներ նախագահների մոտ ու հանգիստ կարող էր այցելել եւ Ալիեւին, եւ Տեր-Պետրոսյանին:
Իրեն ազնիվ էր պահում եւ ամեն կերպ ընդգծում էր իր չեզոքությունը, միեւնույն ժամանակ՝ անկեղծորեն ձգտում էր օգուտ բերել ու հավատում էր, որ իր ջանքերն ի շահ երկու կողմերի են: Այս հողի վրա շարունակ տարբեր գաղափարներ էր ունենում, եւ նրա նպատակասլացությունը հաճախ խնդիրներ էր ստեղծում մեզ համար»:
Top-News.am