Աշխատանքի հեծանիվով էին գնում, հրաժարվում ծառայողական ավտոմեքենաներից
Իշխանափոխությունից կամ իշխանությունների բառապաշարով՝ հեղափոխությունից հետո այս կամ այն իշխանավորից կարելի էր լսել հայտարարություն, թե իրենք հրաժարվում են, թե ծառայողական ավտոմեքենաներից, թե ամառանոցներից, ավելին, պնդում էին, թե աշխատանքի հեծանիվով կամ տրանսպորտով են գնալու:
Գուցե նրանք անկեղծ էին, գուցե իրոք ուզում էին լինել հենց այդպիսին, բայց չդիմացան;: Պաշտոնը խժռեց հեղափոխության զավակներին: Նրանք սիրեցին ծառայողական ավտոմեքենաները, սիրեցին հյուրերին ճոխ ռեստորաններ տանել եւ նվերներ հանձնել, իհարկե, պետբյուջեի հաշվին, սիրեցին կառավարական ամառանոցները եւ մոռացան անգամ հեռուստացույց եւ լվազք մեքենայի ապառիկի մասին:
Հեղափոխական առաջնորդները շրջում են ուղղաթիռով, ծառայողական շքեղ ավտոմեքենաներով, հեծանիվով աշխատանքի չեն գնում, քարուքանդ եղած գազելներով տուն չեն գնում աշխատանքից հետո, անգամ ավտոբուսներով աշխատանքի չեն գնում:
Նրանք հազարավոր պատճառաբանություններ կբերեն, թե ինչու են ծառայողական ավտոմեքենայով, ինչու են այդ ավտոմեքենաներից օգտվում իրենց ընտանիքի անդամները, ինչու տեղափոխվեցին կառավարական ամառանոց, ինչու ավտոբուսով կամ հեծանիվով աշխատանքի չեն գնում: Նրանք շատ ճարտար լեզու ունեն եւ փաստարկ բերելուց չեն խեղճանա, բայց իրականությունը դրանից չի փոխվում:
Նորերը սիրեցին նաեւ պետության հաշվին գործուղումները, որոնց գերակշիռ մասը մեր երկրին ոչինչ չի տալիս: Սիրեցին եւ շաբաթներով մնում են ԱՄՆ-ում, հասնում Վիետնամ եւ Սինգապուր, օրերով եվրոպական քաղաքներում անցկացնում:
Այսուհանդերձ, այս ամենից հետո մի հարց է առաջանում՝ տղաներ, աղջիկներ ինչո՞ւ էիք «հեղափոխություն» անում...
Աննա Բաղդասարյան
Top-News.am