Տաջիկստանի նախագահը պատմել է իր վրա 6 մահափորձի մասին
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պատմել է քաղաքական կարիերայի սկզբում իր վրա 6 մահափորձի մասին, հաղորդում է «Սպուտնիկ Տաջիկստան»-ը:
Բալդժուվան կատարած այցի ժամանակ տեղի բնակիչները Ռահմոնին նկար են նվիրել, որում երկրի ղեկավարը պատկերված է իր նախագահության առաջին տարիներին:
Նկարում երիտասարդ Ռահմոնը պատկերված է փոքր սենյակում անկողնու կողքին:
Նախագահին տպավորել է նկարը եւ նա պատմել է 1997թ. մահափորձի մասին:
«Գրեթե 4 տարի ես ապրել եմ այդ 4 քառակուսի մետրի վրա՝ մեկ անկողին, աթոռ եւ լվացարան: Այստեղ մի քանի մահափորձ է եղել: Շնորհակալություն, որ ինձ հիշրեցիք որոշ վաղեմի պատմական պահեր»,- կիսվել է Ռահմոնը: Նա նաեւ նշել է, որ իր վրա 6 մահափորձ է եղել:
«Դա այդքան էլ սարսափելի չէ… Խուջանդում ինձ վրա հարձակվեցին Քամոլ Խուջանդի անվան թատրոնի մոտ: Մինչ այժմ ոտքերիս վրա կան այդ մահափորձի հետքերը»,- ասել է Ռահմոնը՝ հավելելով, որ այդ ժամանակ ինքն իրեն խոստացել է խաղաղություն վերադարձնել տաջիկական հողի վրա
Նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակ մեկնել է Քաբուլ, որտեղ պատերազմ էր ընթանում, եւ պայմանավորվել է հրադադարի մասին: «Ես հույս ունեմ, որ տաջիկները երախտապարտ են այն ամենի համար, ինչ մենք ունենք այսօր»,- եզրափակել է Ռահմոնը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի վրա առաջին մահափորձը եղել է 1997թ. ապրիլի 30-ին: Այդ ժամանակ Ռահմոնը վնասվածք է ստացել: